ԿԲ. Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները կթուլանան
13.12.2022 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«Համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից եւ բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռեւս պահպանվում է: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում եւս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում:
2022 թվականի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձեւավորված արտաքին բարձր պահանջարկը: Միեւնույն ժամանակ, դիտվում է արտահանման եւ ՀՆԱ ներուժի ավելացում ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժեւորման, ինչպես նաեւ արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների արդյունքում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն դանդաղում է: Վերջինս նպաստում է գնաճային միջավայրի մեղմմանը: Այնուամենայնիվ, պահպանվող բարձր պահանջարկի եւ բարձր գնաճային սպասումների ազդեցությունը դեռեւս շարունակում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում»- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Նշվում է, որ ԿԲ Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: