«Սպայկա» ՍՊԸ-ի կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ

12.12.2022 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպայկա #ՊԵԿ #բյուջե
«Սպայկա» ընկերության եւ դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մանրամասներ է ներկայացրել, ըստ որի ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նաեւ փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանից Հայաստան է ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ):

«Նա, խեղաթյուրելով ձեռք բերված ապրանքների վերաբերյալ տվյալները եւ Հայաստանի մաքսային մարմիններին ներկայացնելով դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ձեռք բերված սննդամթերքը ՀՀ ներմուծելիս ձեւակերպել էր որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Վերոգրյալի հիման վրա «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ.-ին ընդունված եւ մինչեւ 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը եւ պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:

Քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալներն օգտագործվել են «Սպայկա», «Գրինպրոդուկտ» եւ «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացնող համալիր հարկային ստուգումների ընթացքում եւ արդյունքում՝ նշված ելակետային տվյալների, ինչպես նաեւ տվյալ կազմակերպությունների կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1858
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW