ԵԿԲ ղեկավարը խոսել է «բացառիկ իրավիճակի» մասին

09.12.2022 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Քրիստին Լագարդ
Անկայուն գլոբալ միջավայրը լուրջ ռիսկեր է ստեղծում Եվրոպայում ֆինանսական կայունության համար, եւ համաշխարհային տնտեսության հեռանկարների վատթարացումն ուժեղացնում է այդ ռիսկերը:

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով համակարգային ռիսկերին (European Systemic Risk Board, ESRB) նվիրված տարեկան կոնֆերանսի բացմանը։

«Երբ ապագայի պատմաբաններն անդրադառնան մեր ժամանակներին, նրանք կկարողանան ասել, որ մենք ապրել ենք «մշտական ճգնաժամի» դարաշրջանում։ Հզոր ցնցումների լայն շրջանակը՝ համավարակը, Ռուսաստանի չհիմնավորված ներխուժումն Ուկրաինա եւ էներգետիկ ճգնաժամը հաջորդաբար հարվածում են տնտեսությանը»,- ասել է Լագարդը։

Սեպտեմբերին ESRB-ն «ընդհանուր նախազգուշացում» էր թողարկել եվրոպական երկրների համար, որտեղ հայտարարել էր ֆինանսական կայունության համար լուրջ ռիսկերի մասին։ Լագարդը նշել է, որ ESRB-ն դա արել է 2010 թվականին իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ՝ ընդգծելով այն «բացառիկ իրավիճակը», որն առկա է այժմ: «Այստեղ հիմնական ուղերձը մեր ֆինանսական համակարգի ճկունության պահպանման հսկայական կարեւորությունն է»,- ասել է նա:

Լագարդի խոսքով՝ Եվրոպայի համար չափազանց կարեւոր է ունենալ հնարավորություններ՝ դիմակայելու ինչպես անմիջական շոկերին, այնպես էլ արդյունավետորեն ադապտացվելու նոր պայմաններին:

ԵԿԲ-ի ղեկավարը նշել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո բանկերի համար կապիտալի նկատմամբ պահանջների խստացման շնորհիվ եվրոպական ֆինանսական հաստատությունները կարողացան հանգիստ անցկացնել COVID-19 համավարակի ժամանակաշրջանը եւ «դառնալ ճգնաժամը հաղթահարելու մի մաս, այլ ոչ թե խնդրահարույց բաղադրիչ»։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, բանկերը չպետք է բավարարվեն եղածով, շատ կարեւոր է պահպանել կապիտալի բավարար ծավալները, քանի որ տնտեսության հեռանկարները վատանում են:

Որպես ֆինանսական կայունության համար ռիսկի նոր աղբյուր Լագարդը նշել է կրիպտոարժութային ակտիվների շուկան, մասնավորապես, այս տարի բիթքոինի փոխարժեքի կտրուկ անկումը, ինչպես նաեւ FTX կրիպտոարժութային բորսայի փլուզումը։



«Այս իրավիճակների հետեւանքներն առայժմ սահմանափակ են, սակայն համակարգային ռիսկ կարող է առաջանալ կրիպտոարժութային էկոհամակարգի եւ ավանդական ֆինանսական համակարգի փոխկապակցման արդյունքում»,- ասել է նա:

Լագարդի խոսքով՝ կարգավորիչ դաշտը պետք է ադապտացվի տեխնոլոգիական փոփոխություններին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի գործոններին:

«Կայունությունը պահպանելու համար ֆինանսական համակարգը պետք է կարողանա դիմակայել կտրուկ փոփոխություններին, որոնք շոկեր են առաջացնում: Միաժամանակ, կարգավորիչները պետք է ադապտացվեն արագ փոփոխվող լանդշաֆտին, եթե մենք ցանկանում ենք արդյունավետորեն պաշտպանել ֆինանսական համակարգը»,- ընդգծել է ԵԿԲ ղեկավարը։
Դիտում՝ 8117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW