ՀԲ․ Ամենաաղքատ երկրների 60%-ը կանգնած է պարտքային լուրջ ճգնաժամի առջեւ

07.12.2022 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #պարտքային ճգնաժամ #Դեւիդ Մելպաս
Ամենաաղքատ երկրների մոտ 60%-ը կանգնած է պարտքային լուրջ ճգնաժամի առջեւ, 2000 թվականից պարտքերի սպասարկումը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Prime գործակալության փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Համաշխարհային բանկի (ՀԲ) նախօրեին հրապարակած տվյալները։

Նշվում է, որ 2021 թվականի վերջին Զարգացման միջազգային ասոցիացիայի (International Development Association, IDA) երկրների արտաքին պարտքը գերազանցել է $1 տրիլիոնը՝ երեք անգամ ավելի, քան մեկ տասնամյակ առաջ։ Զարգացող երկրների պարտքային պարտավորությունների ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է՝ գերազանցելով $9 տրիլիոնը։

«Աճող տոկոսադրույքները եւ համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը ռիսկ են պարունակում, որ մեծ թվով երկրներ կհայտնվեն պարտքային ճգնաժամի մեջ, ամենաաղքատ երկրների մոտ 60%-ն արդեն գտնվում է պարտքային ճգնաժամի վտանգի տակ կամ արդեն իսկ ճգնաժամի մեջ է»,- ասված է կազմակերպության զեկույցում։

«Ամենաաղքատ երկրները, որոնք կարող են վարկ վերցնել Զարգացման միջազգային ասոցիացիայի ծրագրով, ծախսում են իրենց արտահանման եկամուտների մոտ մեկ տասներորդ մասը երկարաժամկետ պետական արտաքին պարտքի սպասարկման վրա, ինչը 2000 թվականից ի վեր ամենաբարձր մասնաբաժինն է»,- նշել են ՀԲ-ում։

2021 թվականի վերջին այս ցուցանիշը հասավ միագումար $46,2 միլիարդի, ինչը կազմում է դրանց արտահանման հասույթների 10,3%-ը եւ համախառն ազգային եկամտի մոտ 1,8%-ը։ Համեմատության համար՝ 2010 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 3,1% եւ 0,7%։

Համաձայն ՀԲ կանխատեսումների՝ 2022 թվականին ամենաաղքատ զարգացող երկրների պարտքի սպասարկման վճարումները կավելանան 35%-ով եւ կգերազանցեն $62 միլիարդը։ «Սա տարեկան կտրվածքով կդառնա ամենախոշոր աճը վերջին երկու տասնամյակների ընթացքում»,- զգուշացնում է ՀԲ-ն:

«Զարգացող երկրների առջեւ ծառացած պարտքային ճգնաժամն ուժեղացել է, պարտքի կրճատումը պահանջում է համապարփակ մոտեցում, թափանցիկության բարձրացում եւ աջակցություն՝ ավելի արագ վերակառուցման համար, որպեսզի երկրները կարողանան կենտրոնանալ տնտեսական աճի եւ աղքատության կրճատման վրա»,- տվյալների հրապարակման կապակցությամբ հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Դեւիդ Մելպասը։
Դիտում՝ 7303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW