Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ տեղափոխվել է «Յանդեքս» ընկերություն՝ զբաղեցնելով կորպորատիվ զարգացման գծով խորհրդականի պաշտոնը, հաղորդում է RBC-ն։«Ընդունել եմ «Յանդեքս»-ի առաջարկը՝ զբաղեցնելու կորպորատիվ զարգացման գծով խորհրդականի պաշտոնը: Մենեջմենթի հետ միասին կմշակեմ նոր հոլդինգի կորպորատիվ կառուցվածքը, որը կապահովի ընկերության երկարաժամկետ եւ կայուն զարգացումը բոլոր, այդ թվում՝ միջազգային շուկաներում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։Կուդրինի խոսքով՝ իր գլխավոր խնդիրներից մեկն է «օգնել պահպանել «Յանդեքս»-ի կառավարման եւ տեխնոլոգիական եզակի մշակույթը, որպեսզի այն մնա որպես անկախ, լավագույն ՏՏ ընկերություն Ռուսաստանում, որտեղ ձգտում են աշխատել ամենատաղանդավոր մարդիկ»։ՌԴ Դաշնային խորհուրդն ազատել էր Կուդրինին Հաշվիչ պալատի ղեկավարի պաշտոնից նոյեմբերի 30-ին: Կուդրինն ավելի վաղ հայտնել էր, որ Հաշվիչ պալատը լքելուց հետո նախատեսում է աշխատել մասնավոր բիզնեսի հետ կապված «խոշոր նախագծերում»։ «Այժմ ես կցանկանայի կենտրոնանալ խոշոր նախագծերի վրա, որոնք առնչվում են լայն իմաստով մասնավոր նախաձեռնությունների զարգացմանը, բայց, միաժամանակ, էական ազդեցություն ունեն մարդկանց վրա»,- նշել էր նա։Ինչպես ավելի վաղ հայտնել էր RBC-ի աղբյուրը, «Յանդեքս» ընկերությունը նախատեսվում է բաժանել մասերի, տարբերակների թվում է ռուսաստանյան եւ միջազգային կառույցների ստեղծումը։ «Յանդեքս»-ը հաստատել էր ընկերությունը բաժանելու ծրագրերը՝ հայտարարելով, որ հոլանդական Yandex N.V.-ի տնօրենների խորհուրդն արդեն ուսումնասիրում է ընկերության սեփականության եւ կառավարման կառուցվածքը փոխելու հնարավորությունը։ Tweet Դիտում՝ 5307