Իջեւանի եւ Բերդի տնտեսվարողներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա

02.12.2022 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #ՊԳԿ #գյուղատնտեսական տեխնիկա
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի Իջեւան եւ Բերդ համայնքների 25 բնակավայրի տնտեսվարողներին։

ՊԳԿ-ից հայտնել են, որ տրամադրված տեխնիկան ներառում է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ եւ զոդման սարքեր։ Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին:

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը նշել է, որ 2021թ․ վերջին LEAD ծրագրի պատվերով հետազոտություն է իրականացվել՝ գնահատելու Տավուշի եւ Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցությունը։

«Արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար:  Այդ խնդիրներն անհրաժեշտություն են առաջացրել քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ»,- ասել է նա:

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։
Դիտում՝ 4691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW