ԵԿԲ-ն կոչ է արել համաշխարհային ԿԲ-ներին զսպել գնաճային սպասումները

02.12.2022 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Քրիստին Լագարդ #գնաճային սպասումներ
Համաշխարհային կենտրոնական բանկերը պետք է զսպեն գնաճային սպասումները՝ հասկացնել տալով, որ կշարունակեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել գնաճը թիրախային մակարդակին վերադարձնելու համար, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը։

«Բացառիկ անորոշության ներկայիս պայմաններում կենտրոնական բանկերը պետք է վարեն դրամավարկային քաղաքականություն, որը կզսպի գնաճային սպասումներն այնպես, որ դրանք մնան թիրախային ցուցանիշներին մոտ», - ասել է Լագարդը Բանգկոկում կայացած համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Թաիլանդի բանկի եւ Միջազգային հաշվարկների բանկի (BIS) կողմից:

«Մենք պետք է ազդանշան տանք, որ իրավիճակի զարգացման բոլոր սցենարներով գնաճն ի վերջո կվերադառնա մեր միջնաժամկետ թիրախային ցուցանիշին։ Սա լավագույնն է, ինչ մենք կարող ենք անել ընթացիկ իրավիճակում»,- Լագարդի խոսքերն է մեջբերում  Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Նա հայտարարել է, որ գնաճի կանխատեսումը եւս որոշ ժամանակ կմնա անորոշ։ «Մենք շատ դժվար ժամանակաշրջան ենք ապրում, երբ հողը սահում է մեր ոտքերի տակից»,- ասել է ԵԿԲ ղեկավարը։

Լագարդի խոսքով՝ ԵԿԲ-ն «շատ ուշադիր հետեւում է փոխարժեքների փոփոխություններին, հատկապես` դոլարի ամրապնդմանը»։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ դոլարի աճը Եվրոգոտու համար նույն լուրջ հետեւանքները չունի, ինչ զարգացող շուկաների համար։

Եվրոպական երկրներում բյուջետային խթանները պետք է լինեն ժամանակավոր եւ նպատակային, հայտարարել է Լագարդը։ Այս պայմաններում դրանք «կօգնեն մեղմել էներգետիկ ճգնաժամի հետեւանքները եւ սահմանափակել գնաճային սպասումները»,- նշել է նա:

«Բյուջետային միջոցները, որոնք ավելորդ պահանջարկ են ստեղծում առաջարկով սահմանափակված տնտեսություններում, կարող են հանգեցնել անհրաժեշտից ավելի կտրուկ դրամավարկային քաղաքականության խստացման: Ցավոք, հենց սրա մասին են վկայում Եվրոգոտու շատ երկրների միջոցները, գոնե այս պահին»,- հայտարարել է Լագարդը:
Դիտում՝ 8943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW