Ադրբեջանի կառավարությունը շտկել է ռազմավարական արտարժութային պահուստների կառավարման ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», այդ մասին ասել է Ադրբեջանի ազգային բանկի վարչության նախագահ Էլման Ռուսթամովը` շեշտելով, որ ռազմավարության հիմնական խնդիրը ոչ թե եկամտաբերությունն է, այլ` պահպանվածության ապահովումը: «ԱԱԲ-ն եւ Նավթի պետական հիմնադրամն անցել են պահուստների կառավարման պահպանողական քաղաքականության եւ այսօր դրանք պահպանվում են աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերում, Համաշխարհային բանկում, Միջազգային հաշվառումների բանկում եւ ինքնիշխան վարկանիշներ ունեցող կազմակերպություններում»,- ասել է Ռուսթամովը: Նա հայտնել է, որ 2008 թվականին ԱԱԲ-ն ակնկալում է արտարժութային պահուստների կառավարումից ստանալ շուրջ $150 մլն: ՙԱշխարհում դիտարկվող կորուստների լույսի ներքո դա լավ ցուցանիշ է՚,- ասել է Ռուսթամովը: Էլման Ռուսթամովը տեղեկացրել է, որ պահուստների 60%-ը ԱՄՆ դոլարով է, իսկ 40%-ը` եվրոյով ու ֆունտ ստերլինգներով: Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պահուստները նոյեմբերի 12-ի դրությամբ կազմում էին $18,2 մլրդ: Tweet Դիտում՝ 6973