Ադրբեջանի Ազգային բանկը /ԱԱԲ/ 2009 թվականին ակնկալում է դրամային քաղաքականության լրացուցիչ մեղմացում, ասել է Ադրբեջանի Ազգային բանկի վարչության նախագահ Էլման Ռուսթամովը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», ԱԱԲ ղեկավարը նշել է, որ այս տարի ԱԱԲ հաշվարկային տոկոսադրույնքը երկու փուլով 15%-ից իջեցվել է 10%-ի` հավելելով, որ հաջորդ տարի այդ քաղաքականությունը կշարունակվի եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նորից կիջեցվի մի քանի փուլով: «Բոլոր Կենտրոնական բանկերը վարում են հաշվարկային տոկոսադրույքի համաժամանակյա իջեցման քաղաքականություն, քանի որ տնտեսությունը էժան փողերի կարիք ունի»,- ասել է Էլման Ռուսթամովը: Նրա խոսքերով, իրենց դրության կայունացման համար էժան ռեսուրսների պահանջարկ ունեն նաեւ ֆինանսական ինստիտուտները: ԱԱԲ ղեկավարը շեշտել է, որ դեֆլյացիայի եւ պահանջարկի նվազման լույսի ներքո Ադրբեջանի գլխավոր խնդիրը հանդիսանում է ռեցեսիայի կանխարգելումը ոչ նավթային հատվածում: «Դրա համար պահանջվում են ֆինանսական ներարկումներ, որոնց հիմնական աղբյուրը միջոցները բանկային համակարգի միջոցով դեպի երկրի տնտեսություն ուղղելն է` Ազգային բանկի վերաֆինանսավորման եղանակով»,- ասել է Էլման Ռուսթամովը: Tweet Դիտում՝ 6839