«Լույս» հիմնադրամ. Հայաստանում անկայունության ռիսկերը պահպանվում են

29.11.2022 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» #անկայունության ռիսկեր
«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Վերլուծության մեջ, մասնավորապես, ասված է.

•    Անկայունության ռիսկերը պահպանվում են, թեեւ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ։

Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ դեպի ՀՀ կապիտալի եւ մարդկանց ներհոսքով պայմանավորված՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ՝ հոկտեմբերին կազմելով 17.5%, սակայն անկայունության ռիսկերը պահպանվում են: Սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը որոշակիորեն դանդաղել էր, իսկ փոխարժեքը՝ որոշակիորեն արժեզրկվել՝ կապված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններով: Վերջինս ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսական աճն ապահովող գործոնները զգայուն են եւ իրավիճակի փոփոխության դեպքում կարող են չեզոքանալ: Հետեւաբար, թեեւ աճի տեմպը հոկտեմբերին արագացել է, այնուամենայնիվ, պետք է քայլեր ձեռնարկել արտաքին դրական գործոնների չեզոքացման պարագայում տնտեսության դիմադրողականությունն ավելացնելու ուղղությամբ:

•    Հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքախմբերի աճերով` ՀՀ արտաքին առեւտրի բարձր աճերն ավելի են արագացել:

Արտահանման եւ ներմուծման ծավալները շեշտակի աճել են՝ հիմնականում պայմանավորված վերարտահանվող ապրանքատեսակների, մասնավորապես, «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր», «մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» եւ «վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերի աճերով: Այս երեւույթը նույնպես ռիսկեր է պարունակում, քանի որ արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պարագայում այն կարող է հանկարծակի կանգ առնել՝ հանգեցնելով բացասական տնտեսական հետեւանքների:

•    Պետական բյուջեն դարձել է պակասուրդային, որը, սակայն, հեռու է պլանավորված մակարդակից:

Հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով, պետական բյուջեի պակասուրդը կազմել է 13 մլրդ դրամ, մինչդեռ 9 ամսվա ճշտված պլանով այն պետք է լիներ 232.4 մլրդ դրամ, իսկ տարվա ճշտված պլանը կազմում է 218.8 մլրդ դրամ:

Նման շեղումների արձանագրման հարցում էական նշանակություն ունի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը: Վերջիններս աճում են նախորդ տարվա համեմատ, սակայն պլանավորված մակարդակի համեմատ առկա է էական թերակատարում:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով։
Դիտում՝ 2931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW