Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է Հայաստանի սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն:ՊԵԿ-ը հայտնում է, որ նշված արժեքների ձեւավորման համար հիմք են հանդիսացել ավտոտրանսպորտային միջոցների մակնիշների պաշտոնական վեբկայքերը, ինչպես նաեւ ուսումնասիրվել են եվրոպական, ամերիկյան, արաբական, կորեական եւ այլ պետությունների շուկաները։«Ներկայացված ցուցիչները չեն հանդիսանում մաքսային արժեքներ: Այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս միայն ընդհանուր պատկերացում կազմել ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից՝ հայտարարատուների ներկայացրած մաքսային արժեքի արժանահավատության գնահատման, ինչպես նաեւ մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվության աղբյուրների եւ վերլուծության ենթարկվող՝ արտահանման երկրներում տվյալ տրանսպորտային միջոցի ձեռքբերման հնարավոր միջինացված շուկայական արժեքների մասին։ ՊԵԿ կայքում համապատասխան հաշվիչի միջոցով հնարավոր կլինի միայն խիստ մոտավոր պատկերացում կազմել տվյալ տրանսպորտային միջոցի ներմուծման համար գանձման ենթակա մաքսային վճարների վերաբերյալ։Վերջնական հաշվարկը եւ վճարման ենթակա մաքսային վճարների չափը, համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների, հնարավոր կլինի ձեւավորել միայն տվյալ տրանսպորտային միջոցի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքում, քանի որ միայն այդ ժամանակ է պարզ դառնում, թե մինչեւ ՀՀ սահմանը հատելը, ամբողջությամբ ինչ ծախսեր են կատարվել տրանսպորտային միջոցի ձեռքբերման եւ մինչեւ ՀՀ սահման տեղափոխման համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Կոմիտեն հիշեցնում է, որ մաքսային արժեքի ձեւավորման համար հիմք են հանդիսանում ձեռքբերման արժեքը եւ բոլոր այն հավելյալ ծախսերը (փոխադրում, ապահովագրություն, բեռնում, բեռնաթափում, վառելիք, կայանման վճարներ եւ այլ ծախսերը), որոնք վճարվել են տրանսպորտային միջոցների համար՝ մինչեւ ՀՀ սահմանը հատելը։Նշվում է, որ անգամ ամբողջությամբ նույնական (մոդել, մակնիշ, արտադրության տարեթիվ, ծագման երկիր, շարժիչի հզորություն) մեքենայի՝ ՀՀ ներմուծման դեպքում մաքսային արժեքները կարող են տարբերվել՝ կախված վերը հիշատակված պատճառներից եւ ձեռք բերման գործարքից։ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունն՝ այստեղ: Tweet Դիտում՝ 7874