Երեւան /Մեդիամաքս/. Էլեկտրոնային ստորագրության հավաստագրի միջազգային կենտրոններին հայաստանյան շուկա ներգրավելը կամ տեղական բիզնեսի ջանքերով դրանք ստեղծելը կարեւոր քայլ կդառնա Հայաստանում լիարժեք փաստաթղթաշրջանառության ապահովման համար եւ կնպաստի երկրում էլեկտրոնային հասարակության զարգացմանը: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Անհրաժեշտ օրենսդրական բազան Հայաստանում գործում է 2005 թվականից. հիմնական դերակատարում ունի էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին օրենքը, որում հավաստող կենտրոնների ռեզիդենտության նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն: Մի շարք բանկային եւ այլ մասնավոր կազմակերպություններ փաստաթղթաշրջանառության նպատակով արդեն կիրառում են էլեկտրոնային ստորագրությունը ներքին էլեկտրոնային ցանում: ՀՀ կառավարության որոշմամբ` հավաստող կենտրոնները հավատարմագրող մարմին է նշանակվել էկոնոմիկայի նախարարությունը: Վերոնշյալ հավատարմագրումն ըստ գործող օրենսդրության պարտադիր է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրության կիրառման համար: Կառավարության 2008թ. որոշմամբ որոշվել են նաեւ չափորոշիչները եւ տեղայնացվել են էլեկտրոնային ստորագրությունների համապատասխան չափանիշները պետական հաստատությունների եւ գերատեսչությունների համար, որոնք համապատասխանում են ISO/IEC միաջզգային չափանիշներին: Սակայն, Ժենյա Ազիզյանի խոսքերով, մասնավոր հատվածը դեռեւս հետաքրքրություն չի ցուցաբերում էլեկտրոնային ստորագրության ծառայությունների մատուցման նկատմամբ, ինչը, հնարավոր է, պայմանավորված է ինչպես տեղեկացվածության թույլ մակարդակով, այնպես էլ էլեկտրոնային ստորագրության հավաստագրի շուկայի գնահատականների բացակայությամբ: Նա տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային ստորագրության հավաստագրում մասնագիտացած արտասահմանյան կազմակերպություններին հայաստանյան շուկա ներգրավելու ուղղությամբ: Ժենյա Ազիզյանը վստահություն է հայտնել, որ արդեն հաջորդ տարի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ էլեկտրոնային ստորագրության ներդրման գործում լուրջ առաջընթաց կգրանցվի: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության լիարժեք գործարկումն իր հերթին կարագացնի տպագրությունը դուրս մղելու միտումը` որպես փաստաթղթերի հավաստագրման անհրաժեշտ ռեկվիզիտ: Tweet Դիտում՝ 6929