Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին: Նշվում է, որ նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 175 մլն դրամ, տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ:Որոշմամբ ակնկալվում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում, ինչպես նաեւ կատարվող խաղադրույքների ծավալների կրճատում:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ 4 տարվա երկարատեւ պայքարից հետո կարողանում են խաղային ոլորտը կարգավորել: «Այդ ոլորտում ունենք պետական տուրք՝ տարեկան 600 միլիոն դրամի չափով: Հիմա ասում ենք՝ 600 միլիոն դրամը մուծում եք, աշխատում եք, բայց ամեն 100 մլրդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 175 մլն դրամ տուրք վճարեք՝ գումարած 600 միլիոնը»,-ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն եւ ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման եւ հարկման նոր համակարգ:«Այսօրվա օրենքով ունենք կարգավորումներ՝ կազինոների թույլտվություն, կազինոների գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Եթե չեմ սխալվում, $100 միլիոն ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ բացել կազինո: Մեզ պետք է կարգավորում, կառավարության որոշում, որ մենք ստեղծենք մեթոդաբանություն, թե ինչպես ենք հաշվառելու եւ հաշվարկելու, թե արդյոք $100 միլիոն ներդրում է արված: Օրինակ, այդպիսի ազդակ ունենք, որ Երեւանում 100 միլիոն եւ ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցվում, որոնք նպատակադրում ունեն հետագայում կազինո բացելու, որը կլինի, այսպես ասած, այլ կարգի կազինո, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 4493