Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել է հիմնական տոկոսադրույքը 1,5 տոկոսային կետով` մինչեւ 9%, հաղորդում է Frank Media-ն։Հոկտեմբերի վերջին երկրի ԿԲ-ն այն արդեն իջեցրել էր 1,5 տոկոսային կետով՝ 12%-ից մինչեւ 10,5%: Ներկայիս որոշումը կանխատեսելի էր. աշնանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել երկրի Կենտրոնական բանկին շարունակել նվազեցնել տոկոսադրույքը եւ մինչեւ տարեվերջ այն սահմանել 10%-ից ցածր մակարդակում:«Աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է ազդել տնտեսական ակտիվության վրա, իսկ համաշխարհային աճի կանխատեսումները վերանայվում են։ Ռեցեսիան դառնում է անխուսափելի, գների աճը շարունակվում է միջազգային մակարդակում»,- ասված է թուրքական կարգավորիչի հաղորդագրության մեջ։«Զարգացած տնտեսություններով երկրների կենտրոնական բանկերն ընդգծում են, որ գնաճը կարող է շարունակվել աճել ավելի երկար, քան նախկինում ենթադրվում էր՝ կապված էներգակիրների բարձր գների, առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռության եւ աշխատաշուկայում տիրող կոշտ իրավիճակի հետ»,- նշել են Թուրքիայի ԿԲ-ում:Թուրքիայի համար «ծայրահեղ կարեւոր է», որ համաշխարհային աճի նկատմամբ ավելացող անորոշության ժամանակահատվածում ֆինանսական պայմանները նախկինի պես աջակցեն առաջարկի կառուցվածքային աճի եւ ներդրումային ներուժի կայունությանը` արդյունաբերական արտադրության աճի տեմպի պահպանման եւ զբաղվածության դրական միտումների հաշվին: Այսպես է կարգավորիչը բացատրում տոկոսադրույքը կրկին իջեցնելու որոշումը:Այնուամենայնիվ, տոկոսադրույքի իջեցումն արագացնում է գնաճը երկրում եւ թուլացնում արժույթը: Ըստ Turkstat-ի՝ հոկտեմբերին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 85,5%։ Թուրքական լիրայի փոխարժեքը նոյեմբերի 24-ին կազմել է 18,63 լիրա մեկ դոլարի դիմաց՝ հասնելով պատմական նվազագույնի մոտ մակարդակի։ Tweet Դիտում՝ 8118