Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Ինչպես հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Հեռուստամարաթոնի մեկնարկը կտրվի Հայաստանում, այնուհետեւ կտեղափոխվի Լոս Անջելես եւ կցուցադրվի տեղական ժամանակով ժամը 14:00-20:00: Հեռուստամարաթոնը կսփռվի նաեւ արբանյակային կապով՝ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքում՝ www.1tv.am:Նշվում է, որ Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը այս տարի եւս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22 թվականներին իրականացված եւ ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը: «Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները վերագտնում են իրենց եւ վերադառնում բնականոն կյանք: Արցախում հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ, հարյուրավոր բնակարանների եւ տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն: Սյունիքի, Շիրակի, Արմավիրի եւ Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3161