Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում հայտարարվել է $35 մլն ընդհանուր ծավալով երկու ներդրումային ծրագրերի իրագործման մեկնարկի մասին##` հայաստանյան “Յունիբանկի” եւ ռուսաստանյան “Յունիաստրում Բանկի” համասեփականատեր Գագիկ Զաքարյանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ ծրագրերի շրջանակներում հիմնվել են երկու ընկերություններ` “ՅՈՒՆԻՌԵՍՈ” ապահովագրական եւ “ԳԵԳԱՄԵՏ” հանքարդյունաբերական ընկերությունները: “ՅՈՒՆԻՌԵՍՈ”-ի հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանն ու “Ռեսո Գարանտիա” ռուսաստանյան ապահովագրական ընկերության սեփականատեր Սերգեյ Սարգիսովը: Ընկերության նախնական կանոնադրական կապիտալը կազմում է $2 մլն եւ նախատեսվում է այն 3 տարվա ընթացքում հասցնել $10 մլն-ի: Ինչպես նշել է Գագիկ Զաքարյանը, “այսօր լավ ժամանակ է Հայաստանում ապահովագրական ծառայությունները զարգացնելու համար. դա կապված է տնտեսական աճի եւ ապահովագրության ոլորտում աջակցության կարիք ունեցող նոր ընկերությունների երեւան գալու հետ”: “ՅՈՒՆԻՌԵՍՈ”-ն զբաղվելու է ձեռնարկությունների ռիսկերի ապահովագրությամբ եւ զարգացնելու է ապահովագրական բիզնեսի մանրածախ ուղղությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը “ԳԵԳԱՄԵՏ” ընկերության մասով կազմում է $ 25 մլն: “ԳԵԳԱՄԵՏ”-ը հայ-ռուս-բրիտանական ընկերություն է, որի հիմնադրմանը մասնակցել են ռուսաստանյան կողմից Գագիկ Զաքարյանը, հայաստանյան եւ բրիտանական կողմերից, համապատասխանաբար, Metta Group եւ Torront holdings Limited ընկերությունները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, նոր ապահովագրական ընկերության հիմնադրումը կնպաստի ֆինանսական ռիսկերի կառավարման մակարդակի բարձրացմանը, իսկ “ԳԵԳԱՄԵՏ”-ի ստեղծումը վկայում է այն մասին, որ նման ծրագրեր կարելի է սկսել նույնիսկ համաշխարհային ճգնաժամի եւ հանքարդյունաբերական բնագավառում հումքի գների անկման պայմաններում: Tweet Դիտում՝ 6687