Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կառուցվել է երկու խոշոր արեւային կայան

08.11.2022 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #արեւային կայան
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում շահագործման է հանձնվել երկու խոշորագույն արեւային ֆոտովոլտային կայան. դրանք կառուցվել են Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

Բանկից հայտնել են, որ նախագծի իրագործման համար Բանկը $5,5 միլիոնի ֆինանսավորում է տրամադրել AS Energy եւ PromSun ընկերություններին, ինչը կազմում է ընդհանուր նախագծի արժեքի 80%-ը:

«Սա Բիբլոս Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում արեւային էլեկտրակայանների կառուցման առաջին նախագիծն է։ Կարող ենք փաստել, որ այս մեծամասշտաբ ու կարեւոր նախագիծն իրականացվել է հաջողությամբ»,- նշել է Բանկի Առեւտրային գործառնությունների վարչության պետ Վահան Կաջայանը:

Նա նշել է, որ կայուն էներգետիկայի զարգացման, վերականգնվող էներգետիկ համակարգերի ներդրման եւ էներգախնայողությանն ուղղված նախագծերը շարունակելու են մնալ Բիբլոս Բանկ Արմենիայի ուշադրության կենտրոնում։

«Արեւային էներգետիկայում «Ա-Ս Էներջի» եւ «ՊրոմՍինթեզ» կայանները վերջին տեխնոլոգիաների եւ ինժեներական լուծումների իդեալական համադրություն են: Նման ծրագրերը շարժիչ ուժ են ծառայում ՀՀ մարզերի կայուն զարգացման համար։ Բացի արեւային ներուժից, Հայաստանի որոշ մարզեր ունեն նաեւ քամու էներգիայի մեծ ներուժ: Հուսով ենք, որ վերականգնվող էներգիայի ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, եւ երկրի էներգետիկ բալանսում դրանց չափաբաժինը գնալով կմեծանա»,- ասել է Օպտիմում Գրուպի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թեւոսյանը:

Նշվում է, որ 10 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ եւ 20 մլն կՎտժ-ից ավելի տարեկան արտադրությամբ «Ա-Ս Էներջի» եւ «Պրոմսինթեզ» արեւային կայանների կառուցման աշխատանքներն իրականացրել է Օպտիմում Էներջի ՍՊԸ-ն։
«Պրոմսինթեզ» արեւային կայանը Գեղարքունիքի մարզի առաջին կայանն է, որը կառուցվել է արհեստական բանականությամբ եւ արեւին հետեւող համակարգով, ինչը մաքսիմալ մեծացնում է կայանի արտադրողականությունը՝ ավելացնելով այն ավելի քան 18%-ով։

«Վերականգնվող էներգիայի արտադրությունը դրական ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի վրա։ Ֆոտովոլտային կայանները կնվազեցնեն ածխաթթու գազի տարեկան արտանետումը 4,350 տոննայով, իսկ մեկ ժամում արտադրված էներգիան թույլ կտա սնուցել մոտ 70 փոքր գյուղ:    

Ծրագիրը կարեւոր ներդրում ունի նաեւ համայնքների զարգացման գործում։ Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ շահագործման փուլում Աստղաձոր համայնքում ստեղծվել եւ ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- ասված է բանկի հաղորդագրությունում։
Դիտում՝ 13795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW