ԱՄՆ առաջատար ֆինանսիստները The Wall Street Journal-ին ներկայացրել են համաշխարհային շուկաների ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը: Չնայած փորձագետների կարծիքները շատ առումներով տարբեր են, այնուամենայնիվ, նրանք միակարծիք են, որ շուկաներում տիրող տուրբուլենտությունը դեռ չի ավարտվել, գրում է RBC-ն։Research Affiliates-ի հիմնադիր Ռոբ Առնոտը կարծում է, որ նախքան ակտիվներ գնելը՝ ներդրողները պետք է սպասեն շուկայի հատակին: Նրա կարծիքով՝ շուկաները դեռ չեն հասել իրենց նվազագույն ցուցանիշներին, իսկ S&P 500 ինդեքսն այժմ զգալիորեն ավելի բարձր է, քան 2007-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ։***Goldman Sachs-ի նախկին ղեկավար Լլոյդ Բլանկֆեյնը, ով ղեկավարել է բանկը 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ, կարծում է, որ շուկաների հեռանկարներն այնքան էլ սարսափելի չեն։ Նա թվարկել է անցյալից մի քանի իրադարձություններ, որոնք «ոչ պակաս սարսափելի չէին», օրինակ՝ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը։ Նրա կարծիքով՝ ներկայի խնդիրները միշտ ավելի բարդ են թվում, քան անցյալինը, ու պատմությունը, ինչպես եւ շուկաները, ունի ցիկլեր։ Բլանկֆեյնը գտնում է, որ շուկաներն արտացոլում են ոչ միայն տնտեսության ներկա վիճակը, այլեւ դեպի առաջ են նայում։***Capstone Investment Advisors-ի հիմնադիր Փոլ Բրիթոնը խորհուրդ է տվել պատրաստվել շուկաների նոր խելահեղ տատանումներին։ Փորձագետի կարծիքով՝ տոկոսադրույքների աճը կշարունակի անկայունություն առաջացնել, եւ քչերը կկարողանան պաշտպանվել դրանից:Բրիթոնը նշել է, որ նույնիսկ տասը տարվա ԱՄՆ Ֆինանսների նախարարության պարտատոմսերը, որոնք սովորաբար համարվում են չափազանց անվտանգ, դարձել են ավելի անկայուն։ Սա, իր հերթին, նշանակում է ներդրումային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն:«Ռազմավարությունները, որոնք լավագույնս աշխատել են վերջին 15 տարվա ընթացքում, անպայման չէ, որ կաշխատեն հաջորդ 15 տարիներին»,- ասել է ընկերության ղեկավարը, որը կառավարում է $8,9 միլիարդի ակտիվներ: Բրիթոնն ընդգծել է, որ այժմ տեղի է ունենում կառուցվածքային շեղում, որը չի եղել մի քանի տասնամյակ:***Ներդրողները հույս ունեն, որ գնաճը շուտով կթուլանա, սակայն պետք չէ դա ակնկալել, զգուշացրել է Quadratic Capital Management-ի հիմնադիր Նենսի Դեւիսը: Նրա փոխանցմամբ՝ տեղի է ունեցել գնաճային սպասումների նվազում, մինչդեռ գներն, ընդհակառակը, աճ են գրանցել։Ըստ Tradeweb-ի՝ ներդրողների գնաճային սպասումները հինգ տարվա հորիզոնում հասնում են 2,6%-ի: Միաժամանակ, տարեկան կտրվածքով գնաճն այժմ ավելի քան 8% է, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) 2% նպատակային ցուցանիշը: Դեւիսի փախանցմամբ՝ այս անհամապատասխանությունը նշանակում է, որ ներդրողներն ակնկալում են գնաճի թուլացում հաջորդ հինգ տարիների ընթացքում եւ որ պարտատոմսերի շուկայի ներդրողները կարող են վստահ լինել, որ FRS-ի տոկոսադրույքների բարձրացումը կարող է դանդաղեցնել գների աճը:***BlackRock-ի պարտատոմսերի գծով ստորաբաժանման ներդրումային տնօրեն Ռիկ Ռիդերը կանխատեսել է պարտատոմսերի շուկայի վերականգնում 2023 թվականին: Ըստ Ռիդերի, ով պատասխանատու է շուրջ $2,3 տրիլիոնի ակտիվների կառավարման համար, դրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ 2022 թվականը պարտատոմսերի պատմության մեջ ամենավատ տարին էր: Դա պայմանավորված էր նրանով, որ FRS-ը ռեկորդային տեմպերով խստացնում է դրամավարկային քաղաքականությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ավելի ցածր տոկոսադրույքներով թողարկված ԱՄՆ պարտատոմսերի արժեքի վրա։Այնուամենայնիվ, Ռիդերը նշել է, որ տոկոսադրույքների բարձրացումներն արդեն սկսում են դանդաղեցնել տնտեսությունը, եւ կարգավորիչը, հավանաբար, ստիպված չի լինի բարձրացնել տոկոսադրույքները ներկայումս կանխատեսվող մակարդակից շատ ավելի բարձր:Ներդրողների համար լավ նորությունն այն է, որ պարտատոմսերի ցածր գները նշանակում են ավելի բարձր եկամտաբերություն: Միաժամանակ, Ռայդերը կարծում է, որ գները դժվար թե ավելի ցածր իջնեն, եւ այժմ ներդրողները կարող են պարտատոմսեր գնել շահավետ գնով: Tweet Դիտում՝ 6475