2022 թվականին ԱՄՆ դոլարը պահպանել է իր դիրքերը որպես աշխարհի ամենապահանջված արժույթը, իսկ չինական յուանը տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում։«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Միջազգային հաշվարկների բանկի (BIS) հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվում են երեք տարին մեկ անգամ: BIS-ի հետազոտություններում համեմատությունները բերվում են ապրիլ ամսվա դրությամբ:Զեկույցի համաձայն՝ արտարժույթի առուվաճառքի ծավալն աշխարհում այս տարվա ապրիլին սահմանել է նոր ռեկորդ՝ օրական $7,5 տրիլիոն՝ 2019 թվականի համեմատ աճելով 14%-ով։ Այնուամենայնիվ, աճի տեմպերն ամենաթույլն են 2014 թվականից ի վեր, երբ BIS-ը սկսեց հրապարակել իր հետազոտությունները: ԱՄՆ դոլարը գործարքների 88%-ում եղել է առեւտրային զույգերի մասնակիցներից մեկը, ինչպես եւ երեք տարի առաջ։ Համաշխարհային ամենապահանջված արժույթների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է եվրոն, որի մասնաբաժինը 32%-ից նվազել է մինչեւ 31%: Ֆունտ ստեռլինգը եւ ճապոնական իենը պահպանել են վարկանիշային աղյուսակի երրորդ եւ չորրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, 17% եւ 13% մասնաբաժիններով:Յուանը ութերորդից բարձրացել է հինգերորդ տեղ՝ առաջ անցնելով ավստրալիական եւ կանադական դոլարից, ինչպես նաեւ շվեյցարական ֆրանկից։ Չինաստանի ազգային արժույթը մասնակից է դարձել արտարժութային գործարքների 7%-ին (2019-ին՝ 4%-ին):Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հոնկոնգին, Սինգապուրին եւ Ճապոնիային բաժին է ընկել արժույթների ամբողջ առեւտրի ծավալի 78%-ը:Լոնդոնի` որպես աշխարհում արտարժույթի առեւտրի հիմնական կենտրոնի դիրքերը որոշ չափով թուլացել են, վերջինիս մասնաբաժինը համաշխարհային շրջանառության մեջ 43%-ից նվազել է մինչեւ 38%: Tweet Դիտում՝ 12235