Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը:Ռուբեն Վարդանյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.«Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են եւ՛ Հայաստանի, եւ՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:Ես գիտակցում եմ, որ այլեւս երկար մտածելու ժամանակ չկա, եւ այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը եւ հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին եւ կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը եւ այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաեւ կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչեւ հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի եւ մեր ծրագրերի ձեւավորմանն ուղղված հանդիպումները»։ Tweet Դիտում՝ 35754