Allianz-ը դժվար ժամանակներ է կանխատեսում աշխարհի տնային տնտեսությունների համար

13.10.2022 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Allianz #տնային տնտեսություններ #զեկույց
Համաշխարհային տնային տնտեսությունների բարեկեցությունը 2022 թվականին կնվազի ավելի քան 2%-ով, ասված է գերմանական Allianz ապահովագրական ընկերության զեկույցում, որին ծանոթացել է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

«2022 թվականը շրջադարձային է: Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն արգելակել է COVID-19-ից հետո վերականգնումը եւ աշխարհը գլխիվայր շուռ տվել. գնաճն անզսպելի է, էներգիայի եւ պարենի պակաս կա, իսկ դրամավարկային քաղաքականության խստացումը սեղմում է շուկաները: Տնային տնտեսություններն իրենց վրա կզգան հարվածը»,- ասված է զեկույցում։

Allianz-ը նշում է, որ տնային տնտեսությունների բարեկեցության 2%-ով կրճատումն առաջին ամենաէական անկումն է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո։ Բայց ի տարբերություն 2008-ի, որին հաջորդեց համեմատաբար արագ վերականգնումը, այժմ միջնաժամկետ հեռանկարները բավականին մռայլ են. ֆինանսական ակտիվների միջին անվանական աճը մինչեւ 2025 թվականը կկազմի 4,6%, մինչդեռ նախորդ երեք տարիներին այդ ցուցանիշը 10,4% էր:

Փորձագետների խոսքով՝ 2021 թվականն «ավարտեց դարաշրջանը», եւ 2022 թվականը, ինչպես նաեւ դրան հաջորդող տարիներն «ուրիշ կլինեն»: «Քաղաքական գործիչների առջեւ հսկայական խնդիր է դրված՝ հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, ապահովել կանաչ փոխակերպումը եւ խթանել աճը։ Ազգային մակարդակում հաջողության բանալին նորարարական եւ նպատակաուղղված միջոցներն են, իսկ վերազգային մակարդակում՝ եվրոպական միասնությունը»,- նշել են Allianz-ի վերլուծաբանները:

Շուկաների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, տարին կավարտի վնասով, եւ պարզ չէ՝ արդյոք վերջին շրջանում բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը, որպես ակտիվների դասի, կգերակշռի աշխարհի որոշ մասերում՝ ցածր եկամտաբերության հեռանկարների ֆոնին, հավելել են Allianz-ում:
Դիտում՝ 10329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW