ԱՄՀ-ն կոչ է անում կառավարություններին սահմանափակել բյուջեի ծախսերը
13.10.2022 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ voanews.com

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախօրեին հրապարակած Fiscal Monitor զեկույցում։
Համաշխարհային միագումար պետական պարտքը, ըստ ԱՄՀ-ի կանխատեսման, այս տարի կկազմի ՀՆԱ-ի 91%-ը, ինչը 7,5 տոկոսային կետով գերազանցում է մինչկովիդյան մակարդակը։
Բյուջեի դեֆիցիտի նվազման ֆոնին բազմաթիվ զարգացած եւ զարգացող երկրների պարտքային բեռը նվազել է 2020 թվականի առավելագույն ցուցանիշներից՝ խթանող արտակարգ միջոցները վերացնելու, ինչպես նաեւ տնտեսական աճի վերականգնման շնորհիվ։ Սակայն գնաճը զսպելու նպատակով համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացման հետ մեկտեղ կավելանա պարտքի սպասարկման արժեքը: Միաժամանակ, սննդամթերքի եւ էներգակիրների գների կտրուկ աճն ուժեղացրել է ճնշումը պետական բյուջեների վրա, նշել են ԱՄՀ-ում։
«Տնային տնտեսություններին օգնելու համար կառավարությունները նոր միջոցներ են ձեռնարկում, այդ թվում՝ գնային սուբսիդիաներ, հարկերի կրճատում եւ դրամական միջոցների հատկացում: Պետությունների մեծ մասի համար հայտարարված միջոցները կարժենան ՀՆԱ-ի ավելի քան 0,5%-ը։ Ծախսերի ամենամեծ մասը բաժին է հասնում ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրներին»,- ասված է հիմնադրամի զեկույցում:
ԱՄՀ-ում կարծում են, որ կառավարությունները պետք է սահմանափակեն բյուջեի ծախսերը՝ ընդունելով նպատակային միջոցներ բնակչության առավել խոցելի հատվածներին օգնելու համար՝ միաժամանակ շարունակելով կրճատել բյուջեի դեֆիցիտը: Հակառակ դեպքում, նրանք վտանգում են խթանել գնաճը, որը կենտրոնական բանկերը փորձում են զսպել:
«Շատ կարեւոր է բյուջետային ծախսերի առաջնահերթ ծրագրերի սահմանումը։ Հարկային քաղաքականությունը պետք է պաշտպանի մարդկանց առավել խոցելի խմբերին, միաժամանակ, գնաճի դեմ պայքարում պետք է խուսափել դրամավարկային քաղաքականության վրա ավելորդ բեռ ստեղծելուց»,- նշվում է զեկույցում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: