Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Էկո Ֆրեշ» ՍՊԸ-ի հետ համատեղ նոր ծրագրում։ԱՆԻՖ-ից հայտնել են, որ «Էկո Ֆրեշ» ընկերությունը շամպինիոն տեսակի սնկերի արտադրությամբ զբաղվող Հայաստանի առաջատար ընկերություններից է: Արտադրանքն իրացվում է Հայաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախկինում սնկի աճեցման համար նախատեսված կոմպոստը հիմնականում ներմուծվում էր Նիդերլանդներից, ինչը զգալիորեն թանկացնում էր արտադրանքի ինքնարժեքը եւ նվազեցնում արդյունավետությունը։ Համատեղ ծրագրով ընկերությունը նախատեսում է հիմնել սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի գործարան Հայաստանում` սկզբնական շրջանում շաբաթական 50-60 տոննա արտադրողականությամբ:Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 894 մլն դրամ, որից մոտ 287 մլն դրամը «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի ներդրումն է: ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը նշել է. «Ֆոնդը, կարեւորելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացումը, երկրորդ ներդրումային ծրագիրն է իրականացնում ոլորտում՝ նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման ուղղությամբ: Դինամիկ փոփոխվող միջազգային շուկաներում Հայաստանն ունի ներկայությունը մեծացնելու հնարավորություն, եւ այս ծրագիրը մեր արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ եւս մեկ քայլ է»։ «Էկո Ֆրեշ» ընկերության սեփականատեր Տիրան Հակոբյանն էլ ասել է, որ պետության աջակցությունը բիզնեսում ներդրում անելու եւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելու պատրաստակամությունն առավել քան գնահատելի է։ «ԱՆԻՖ-ի հետ համատեղ ծրագրով կլուծենք մի քանի կարեւոր խնդիր. կներմուծենք այս ոլորտում հոլանդական նոր տեխնոլոգիաներ՝ կառուցելով նոր գործարան, ինչը թույլ կտա ստանալ մրցունակ արտադրանք տեղական եւ արտահանվող շուկաներում իրացնելու համար։ Ծրագրի հաջողվելու դեպքում հետագայում կավելացնենք արտադրության ծավալները նոր շուկաներ գրավելու համար` ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ծավալի էֆեկտով էլ ավելի կնվազեցնենք արտադրանքի ինքնարժեքը»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 15673