Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով ## “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին” $50 մլն-ի սինդիկացված վարկ կտրամադրի: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին” $18 մլն-ի չափով վարկի առաջին մասնաբաժինը տրամադրելու վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշթեյնը: ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սինդիկատին մասնակցում են մի շարք եվրոպական բանկեր` նշելով, որ նրանց անուններն ու վարկային գծի այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: Ստեփան Գիշյանի խոսքերով, տվյալ պայմանագրի ստորագրումը ՎԶԵԲ-ի եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” երկարատեւ համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում Եվրոբանկը հայաստանյան բանկին արդեն շուրջ $50 մլն է տրամադրել: Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ սինդիկացված վարկը տրամադրվում է 4 տարով` հավելելով, որ վարկի մնացած մասը բանկը կստանա մինչեւ 2009 թվականի աջառին կիսամյակի ավարտը: Պայմանագրի ստորագրմանը ներկա` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածում ՎԶԵԲ-ի ակտիվությունը վկայում է երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահության մասին` նշելով, որ բազմաթիվ արտասահմանյան բանկեր եւ այլ ներդրողներ համաշխարհային ճգնաժամի պայմաններում “լուռ նավահանգիստ” են փնտրում, որը եւ հանդիսանում է Հայաստանի ֆինանսական համակարգը: Tweet Դիտում՝ 5816