Կարեւորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների, մասնավորապես՝ լիզինգի արագ տեմպերով զարգացումը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ստորագրել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին անդամակցելու մասին պայմանագիրը։ Անդամակցության նպատակն է մասնակցել լիզինգի գործընթացի իրականացման տարբեր փուլերում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆինանսական ընկերությունների, լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար առավել բարենպաստ գործունեության միջավայրի ստեղծմանը, լինել տեղեկացված այս գործիքի միջազգային զարգացման տենդենցներին, մարտահրավերներին, ինչպես նաեւ անմիջականորեն մասնակցել դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։«Մենք կարեւորում ենք այս նոր համագործակցությունը, ինչը, համոզված եմ, որակական նոր հարթության վրա կդնի լիզինգային ծառայությունը մեր երկրում։ Տրամադրվող նոր գործիքակազմով եւ տեխնիկական օժանդակությամբ՝ բանկը կընդլայնի վարկավորման հնարավորությունները լիզինգի ոլորտում թե՛ գործող, թե՛ հավանական հաճախորդների համար։ Մենք անմասն չենք մնա նաեւ հասարակության շրջանում ֆինանսական գործիքի մասին իրազեկվածության բարձրացմանն ու դաշտը կարգավորող օրենսդրական բարելավմանն ուղղված աշխատանքներից»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը միանշանակ նպաստելու է բացահայտել լիզինգային ոլորտի խնդիրները նաեւ այս կառույցի միջոցով, միասնական ձեւակերպել խնդիրները եւ ձեւավորել բոլոր շահառուների համար դրանց միասնական լուծման մոտեցումներն ու եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների եւ ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով։ «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան ողջունում է ԱրարատԲանկի նման կայուն եւ ՀՀ ֆինանսաբանկային համակարգում ուրույն տեղ գրավող ընկերության մուտքը ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա։ Թե՛ Ասոցիացիան եւ թե՛ ԱրարատԲանկը այս քայլով մեկ անգամ եւս հաստատեցին, որ Ասոցիացիան իրականացնում եւ իրականացնելու է գործողություններ եւ միջոցառումներ այս ոլորտի իրազեկման բարձրացման եւ լիզինգի զարգացման ուղղությամբ»,- ասել է Արսեն Բազիկյանը։ Նա ընդգծել է նաեւ ոլորտի կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման մեջ իր ուրույն դերակատարման տեսանկյունից եւ կարեւորել նոր անդամների մուտքը Ասոցիացիա՝ այլ ֆինանսական միավորներին նույնպես կոչ անելով միանալու պետության համար այս կարեւոր շարժմանը եւ գործիքի զարգացմանն ու տարածմանը։ Tweet Դիտում՝ 3632