Համաշխարհային ֆինանսական ընկերությունները Չինաստանում բիզնես վարելը չափազանց ռիսկային են համարում Թայվանի շուրջ սրված իրավիճակի եւ չին-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածության պատճառով։Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, վերջին ամիսներին շատ բանկեր գնահատել են հնարավոր կորուստները՝ հակամարտության սրման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ պատժամիջոցների նոր ալիքի դեպքում։Միաժամանակ, ըստ Willis Towers Watson-ի, ապահովագրական ընկերություններն արդեն բարձրացրել են Չինաստանում եւ Թայվանում գործող ֆինանսական հաստատությունների համար ապահովագրության արժեքը միջինում 67%-ով։Ինչպես նշում է գործակալությունը, չնայած տարածաշրջանում աճող լարվածությանը՝ ֆինանսական ընկերությունների ղեկավարները քիչ հավանական են համարում Թայվանում ռազմական հակամարտության բռնկումը։ Միաժամանակ, նրանք կարծում են, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ փոխադարձ պատժամիջոցները, որոնք կխաթարեն երկու երկրների միջեւ ֆինանսական եւ առեւտրային հոսքերը, իրադարձությունների զարգացման ավելի հավանական սցենար են:Բացի այդ, բանկիրները վախենում են ուկրաինական դեպքերի կրկնությունից, երբ արեւմտյան ընկերությունները ստիպված էին հապճեպ լքել ռուսաստանյան շուկան՝ կորցնելով միլիարդավոր դոլարներ։Անդրադառնալով Չինաստանից հեռանալու իրենց պատրաստակամությանը՝ ամերիկյան բանկերի ղեկավարները հայացքն ուղղում են Ջո Բայդենի վարչակազմին: «Սա հիպոթետիկ հարց է, բայց շատ հավանական է, որ մեր ներկայությունը երկրում զգալիորեն կնվազի, եթե այդպիսին ընդհանրապես լինի»,- անցած շաբաթ հայտարարել է Citigroup-ի գլխավոր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը՝ նշելով, որ բանկը կսպասի ԱՄՆ կառավարության ցուցումներին:Ամերիկյան բանկերը, ինչպիսիք են Goldman Sachs-ը եւ Morgan Stanley-ն, վերջին տարիներին ավելացնում էին իրենց ներկայությունը Չինաստանում: Այդ երկրում ԱՄՆ խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվները 2021 թվականի վերջին գնահատվում էին $57 միլիարդ։ Եթե նրանք ստիպված լինեն իշխանությունների ճնշման ներքո լքել չինական շուկան, ապա բանկերի կորուստները շատ զգալի կլինեն, նշում է Bloomberg-ը։ Tweet Դիտում՝ 9169