Երեւանում կկայանա Fintech360 միջազգային համաժողովը

09.09.2022 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fintech360 #միջազգային համաժողով
Նոյեմբերի 2-5-ը Երեւանում կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը, որտեղ տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն նորարարական տեխնոլոգիաները եւ ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը։

Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի առաջատար բանկերի եւ ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության եւ ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների եւ վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:

Համաժողովը կանցկացվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Fintech360 -ում կքննարկվեն մոբայլ ծառայությունների եւ անհպում վճարումների, մարքեթփլեյսների եւ բանկային էկոհամակարգերի, թվային արժույթների, միջբանկային վճարումների, կրիպտոարժույթների հաշվարկների, նեոբանկերի, Open Banking-ի եւ կանաչ ֆինտեխի զարգացման հետ կապված հարցեր: Փորձագետները կկիսվեն համապատասխանության ռիսկերի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվական անվտանգության բարձրացման, արհեստական բանականության եւ Big Data-ի ներդրման ոլորտում իրենց փորձով:

«Ֆինտեխը չափազանց ինտենսիվ է զարգանում, ուստի մեզ համար կարեւոր է տեղեկացված լինել հիմնական միտումներին եւ արդյունավետ աշխատել արագ փոփոխվող միջավայրում: Ֆինանսական ծառայությունների սպառողներին առաջարկելով նորարարական լուծումներ՝ բարելավում ենք ոչ միայն բանկային սպասարկման մակարդակը, այլեւ մարդկանց կյանքի որակը։ Այդ պատճառով մենք այդքան շահագրգռված ենք Fintech360 համաժողովով, որն ավանդաբար համախմբում է փորձագետների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ՝ թույլ տալով թարմացնել նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների մասին գիտելիքները, փոխանակել փորձը եւ ձեռքբերել օգտակար շփումներ բիզնես միջավայրում»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Համաշխարհային վիճակագրությունը հստակ ցույց է տալիս ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը։ Ըստ KPMG-ի, եթե 2020 թվականին $121,5 միլիարդ է ներդրվել ֆինտեխ ստարտափներում, ապա 2021 թվականին ներդրողներն, ընդհանուր առմամբ, $210 միլիարդ են ներդրել ֆինտեխի մշակման ոլորտում:

Ըստ Ernst & Young-ի, ֆինտեխ ծառայությունների ներթափանցման մակարդակը 2015-ի 16%-ից աճել է մինչեւ 64% 2019-ին: Սպառողների 96%-ը տեղյակ է առնվազն մեկ ֆինտեխ ծառայության մասին, որը թույլ է տալիս գումար փոխանցել եւ վճարումներ կատարել:

«Մենք ուրախ ենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված Fintech360 համաժողովն այս տարի կանցկացվի Երեւանում։ Աշխարհը փոխվել է. հեռավար աշխատանքի ձեւաչափն ազդել է սպառողների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների վարքագծի վրա, լայն տարածում են գտել վճարումների անշփում ձեւերը, մոբայլ հավելվածների շնորհիվ դրամական փոխանցումներն ավելի արագ եւ հարմարավետ են դարձել։ Մենք ներդրում ենք ֆինտեխը բոլոր մակարդակներում եւ մեր աշխատակիցների եւ գործընկերների հետ քննարկելու համար կուտակել ենք բազմաթիվ թեմաներ։ Համեցեք, հետաքրքիր կլինի»,- ասել է Յունիստրիմի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը։

Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։ Հարուստ բիզնես ծրագիրը, ներառյալ՝ պանելային քննարկումները եւ թեմատիկ կլոր սեղանները, կլրացվեն հիշարժան մշակութային միջոցառումներով եւ հետաքրքիր էքսկուրսիաներով: Մասնակիցները կայցելեն Խոր Վիրապի վանք, Գառնի եւ Գեղարդ:

Համաժողովի եւ գրանցման մանրամասները՝ կայքում:
Դիտում՝ 22105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW