Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝այս օրերին տնտեսվարողները ծանուցվում են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին:Դեռեւս 2009 թվականին ընդունված Երեւանի ավագանու որոշմամբ խանութների, սրճարանների սեփականատերերը կամ տարածքի վարձակալները պարտավոր են ամեն օր աղբից մաքրել մայթերն ու հարակից տարածքները, բարեկարգել, սիզամարգերը կանաչապատել, իսկ ձմռանն էլ՝ ձնամաքրումն անել:«Նախկինում 14000 տնտեսվարողից շուրջ 8000-ին բաժանվել են ծանուցումներ: Տնտեսվարողներին փորձում ենք հիշեցնել իրենց պարտականությունները: Այս փուլում թեթեւացրել ենք պարտականությունները. յուրաքանչյուրն ընդամենը պետք է դրսեւորի հանրային պատասխանատվություն եւ այն տարածքում, որտեղ գործունեություն է իրականացնում, ապահովի մաքրություն: Այս փուլն ավարտելուց հետո կսկսենք վերահսկողության գործընթացը»,- նշել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:Կախված գործունեության տեսակից՝ ավագանու որոշմամբ մանրամասնորեն նկարագրված են մաքրման եւ բարեկարգման ենթակա տարածքների սահմանները:Կրպակների, մանրածախ առեւտրի կետերի, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար` զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչեւ փողոցի երթեւեկելի մասի եզրաքարը, շենքերի առաջին, կիսանկուղային եւ նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար, դրանց զբաղեցրած պարագծով` մինչեւ փողոցի երթեւեկելի մասը: Ավելի մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարողների համար՝ անգամ մինչեւ 100 մետր կարող է սահմանվել:Այն գործարարները, որոնք կանտեսեն եւ չեն պահպանի կանոնները՝ կտուգանվեն: «Մինչեւ տուգանքը կլինի եւս մեկ նախազգուշացում: Եթե դա եւս անտեսվի կամ չկատարվի քաղաքային իշխանությունը կկիրառի նորմերը: Ամեն մեկս, փոքր-ինչ ավելի ջանք դնելով, կստեղծենք ավելի հաճելի միջավայր»,- նշել է Արամ Դանիելյանը:Պարտադիր բարեկարգման նորմերը վերաբերում են ոչ միայն տնտեսվարողներին, այլեւ պետական եւ համայնքային հիմնարկներին. դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային կենտրոններին: Որոշումը ներառում է նաեւ ավտոտնակները:«Առաջիկայում կմշակվի հայեցակարգ՝ բարեկարգման մեկ ընդհանրական նախագիծ. եթե տնտեսվարողները որոշեն բարեկարգել, ապա միայն նախագծի հիման վրա, որպեսզի, եթե հարեւան տնտեսվարողներն էլ համապատասխան որոշում կայացնեն, ունենանք մեկ միասնական մոտեցում» - տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի խորհրդականը: Tweet Դիտում՝ 3713