Credit Suisse. Աշխարհում ցածր գնաճի շրջանը կարող է վերջնականապես ավարտվել

02.09.2022 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Credit Suisse #գնաճ
Աշխարհում ցածր գնաճի շրջանը կարող է վերջնականապես ավարտվել՝ Չինաստանի հետ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Ռուսաստանի տնտեսական դաշինքների պառակտման պատճառով։

Նման եզրահանգման են եկել Credit Suisse-ի վերլուծաբանները, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով շվեյցարական բանկի ներդրումային ռազմավարության դեպարտամենտի զեկույցը։

Բանկի փորձագետները նշում են, որ աշխարհում ցածր գնաճի դարաշրջանը հիմնված էր երեք գործոնի վրա.

- ներգաղթյալների էժան աշխատուժը (պահպանում էր անվանական աշխատավարձի մակարդակն ԱՄՆ-ում),
- էժան չինական ապրանքները (բարձրացնում էին իրական աշխատավարձն անվանականի լճացման ֆոնին),
- ռուսաստանյան էժան բնական գազը (ապահովում էր գերմանական արդյունաբերության աճը եւ, ընդհանուր առմամբ, Եվրոպան):

Երկու դաշինքների (Չինաստան-ԱՄՆ, կամ Chimerica եւ Ռուսաստան-ԵՄ, կամ Eurussia) կողմերն էլ շահեցին առեւտրային եւ ֆինանսական համագործակցությունից, սակայն տարաձայնությունների հետեւանքով այդ դաշինքներն այլեւս չեն գործում։

Վերլուծաբանները կարծում են, որ աշխարհում սկսվել է նոր տնտեսական միությունների ձեւավորումը։ Դրանցից առաջինը դարձավ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ դաշինքը, որտեղ հումքի ամենախոշոր մատակարարը միավորվել է «աշխարհի ֆաբրիկայի» հետ։ Մեկ այլ՝ ավելի մեծ դաշինքը կազմում են ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան (TRICKs): Այդ երկրները մոտենում են իրար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով։

Credit Suisse-ը նշում է, որ գլոբալիզացիան ապահովել էր ցածր գնաճը, իսկ տնտեսական կապերի մասնատվածությունը ռիսկեր է առաջացնում: Ինչպես նշվում է զեկույցում, ԱՄՆ-ն հարստացել է այդ թվում՝ քանակական մեղմացման քաղաքականության (QE) շնորհիվ, սակայն QE-ի իրականացման հնարավորությունն առաջացել է «ցածր գնաճի» ռեժիմի շնորհիվ, որն ապահովվել է Ռուսաստանից եւ Չինաստանից էժան արտահանմամբ։

«Եթե Chimerica եւ Eurussia դաշինքները դադարեն գոյություն ունենալ որպես միություններ, ապա ցածր գնաճի ռեժիմը կավարտվի»,- կանխատեսում են վերլուծաբանները։
Դիտում՝ 8813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW