Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։ՊԵԿ-ից հայտնել են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների ղեկավարները։ Կողմերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացրած գործունեությունը եւ կուտակած փորձը, այդ թվում՝ «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրագործումը, տնտեսական հանցագործությունների եւ իրավախախտումների նոր սխեմաների բացահայտման մասով փորձի փոխանակության ընթացքը։ Նիստին քննարկվել են նաեւ համացանցի եւ թվային վճարման միջոցների օգտագործմամբ իրականացվող տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների հակազդման պրակտիկային, դրամական միջոցների ապօրինի շրջանառությանը եւ ապօրինի խաղային բիզնեսի հակազդմանը վերաբերող հարցեր։Նախատեսվում է՝ ԱՊՀ անդամ պետությունների հարկային հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երեւանում՝ ՊԵԿ նախագահությամբ։ Tweet Դիտում՝ 1334