Գործազուրկի աշխատանքի տեղավորման հնարավորությունները կմեծանան

18.08.2022 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գործազուրկ #աշխատանք #կառավարություն
Կառավարությունն այսօր հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված եւ վերջին 3 ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բաձր տարիքի անձի աշխատանքի ընդունելու դեպքում գործատուն միանվագ 250 000 դրամի չափով փոխհատուցում կստանա։

Ըստ ծրագրի՝ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում փոխհատուցման գումարը կկազմի 350 000 դրամ։ Փոխհատուցումը կտրամադրվի այն դեպքում, եթե գործատուն 1 տարի ժամկետով եւ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային պայմանագիր կնքի գործազուրկի հետ։

Առաջարկվում է ծրագրում ընդգրկել այն գործատուին, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչեւ սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, եւ նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%:

Կառավարությունից հայտնել են, որ գործատուների նկատմամբ նշված պահանջները սահմանվել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ 02.07.2022-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում։ Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ գործազուրկ անձանց համար հնարավոր լինի միջոցառման միջոցով ապահովել աշխատատեղ առնվազն փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ ու հնարավորինս նվազեցնել գործատուի կողմից անձին աշխատանքից ազատելու եւ սույն միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորելու ռիսկը։

Գործատուն ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով պետք է ներկայացնի առցանց դիմում եւ ստանալ պետական աջակցություն միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ աշխատանքի ընդունվող անձը համապատասխանում է ծրագրով նախատեսված չափանիշներին։

Ծրագրի շրջանակում գործատուն նպաստառու գործազուրկի հետ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում կարող է կնքել աշխատանքային պայմանագիր մինչեւ 8 ամիս տեւողությամբ։

«Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին ծրագրի 4-րդ կետով սահմանված ժամկետներում (12 ամիս կամ սեզոնային աշխատանքի դեպքում գումարային 12 ամիս՝ յուրաքանչյուր տարի 8 ամսից ոչ ավելի) աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ նշված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Արդյունքում՝ ակնկալվում է մեծացնել գործազուրկի (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի) աշխատանքի տեղավորման հնարավորությունները եւ նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 4719
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW