ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ Երեւանն ու Հայաստանի բազմաթիվ համայնքներ բախվում են փողոցային առեւտրի խնդրին։ Բացօթյա առեւտուրը կարգավորող նոր օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս նա նշել է, թե որքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը մնում է չկարգավորված։ «Քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել եւ առաջարկում են ոչ միայն վարչական տուգանք կիրառել, այլ նաեւ ապրանքներ հայտնաբերելու դեպքում առգրավել դրանք ու իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առեւտրի այն հատվածը, որն արգելվում է»,- ասել է նա։ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասել է, որ վերլուծել են վերջին երկու տարում Երեւանում գրանցված իրավախախտումները, գործիքակազմը, որ կան այս պահին, բավարար չեն։«Մենք միջոցառումներն իրականացնում ենք, բայց շատ դեպքերում տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90%-ի դեպքում իրենց անունով գույք չեն ունենում եւ սնանկ են դառնում։ Երեւանում պարբերաբար միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո ամեն ինչ նորից կրկնվում է։ Վստահ ենք, որ այս օրենքի ընդունմամբ կկարողանանք հարցն ամբողջովին լուծել»,- ասել է նա։Կառավարության հաստատած եւ առաջիկայում ԱԺ օրակարգում ներառվելիք օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով։ Լրագրողների հետ զրույցում Հրաչյա Սարգսյանն ասել է, որ օրենսդրության փոփոխությունը հիմնականում վերաբերում է սննդամթերքի, կենդանիների, խաղալիքների վաճառքին։«Փողոցներում գազաբալոններով բամբակ են պատրաստում, չգիտենք՝ ինչպես են ապահովում անվտանգության կանոնները։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ առեւտրով մարդիկ ընտանիք են պահում, այս պահի դրությամբ եւ պետական ապարատում, եւ մասնավոր հատվածում ունենք մեծ քանակությամբ աշխատատեղեր, որ չենք կարողանում համալրել։ Տնտեսվարողները բողոքում են, որ տարածք են վարձակալում, հարկային գումարներ են վճարում եւ այլ քաղաքացիներ ոչ հավասար պայմաններով առեւտուր են իրականացնում փողոցում»,- ասել է Սարգսյանը: Tweet Դիտում՝ 4076