Հնդկական բանկերը չեն աջակցում Ռուսաստանի Բանկի (ԿԲ) Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի (СПФС)՝ հնդկական SFMS նմանօրինակի հետ ինտեգրման գաղափարին, քանի որ դա կարող է ընկալվել որպես ռուսաստանյան բանկերի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու փորձ:Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է հնդկական Economic Times (ET) պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։Նրանցից մեկը տեղեկացրել է, որ այս հարցը բարձրացվել է հնդիկ եւ ռուս բանկիրների մասնակցությամբ օրերս կայացած հանդիպմանը՝ նվիրված ռուփիով երկկողմանի առեւտրի քննարկմանը: Ռուսաստանյան կողմի կարծիքով՝ համակարգերի ինտեգրումը կստեղծի երկու երկրի միջեւ ազգային արժույթներով վճարումների «անկար» մեխանիզմ, ինչպես նաեւ հնարավորություն կտա խուսափել խափանումներից եւ միջոցների արգելափակումից, եթե ռուսաստանյան որեւէ բանկ եւս ընկնի ԱՄՆ պատժամիջոցների տակ:Երկու երկրի համակարգերի ինտեգրումը ոչ միայն կպահանջի հնդկական հարթակի թարմացում, այլեւ՝ տեղական կարգավորիչ մարմնի՝ Հնդկաստանի պահուստային բանկի (RBI) եւ երկրի կառավարության հաստատում:Հուլիսին RBI-ը ներկայացրել էր ռուփիով միջազգային առեւտրային հաշվարկների մեխանիզմի իր տեսլականը: Դրա համաձայն՝ ռուփիով արտաքին առեւտրային գործարք իրականացնելու համար օտարերկրյա բանկը պետք է հնդկական լիազորված բանկում բացի vostro հաշիվ։Հնդիկ ներմուծողներն այդ հաշիվներին վճարումներ կկատարեն ռուփիով, եւ այդ հաշիվները կարող են օգտագործվել հնդիկ արտահանողներին ռուփիով վճարելու համար: Հաշիվներում առաջացած ավելցուկային միջոցները կարող են ներդրվել Հնդկաստանի պետական պարտատոմսերում կամ, օրինակ, երկրում իրականացվող ներդրումային նախագծերում։«Ռուսաստանյան բանկերը, որոնք դեռեւս չեն գտնվում ԱՄՆ պատժամիջոցների տակ, չունեն իրենց մասնաճյուղերը Հնդկաստանում։ Հենց նման բանկը հայտնվի պատժամիջոցների տակ, դրա գրասենյակը Ռուսաստանում կփորձի անվտանգ կապուղիներով հաղորդակցվելու միջոց գտնել հնդկական բանկի հետ, որտեղ նա ունի vostro հաշիվ: Ուստի նրանք կարծում են, որ ռուսաստանյան СПФС-ը պետք է միացվի հնդկական SFMS-ին: Էլեկտրոնային փոստը չի համարվում վճարային հաղորդագրությունների փոխանակման ապահով կապուղի, իսկ ֆաքսիմիլային կապն այլեւս չի օգտագործվում բանկերի կողմից»,- ասել է ET-ի մեկ այլ աղբյուր:Սակայն հնդկական բանկերը չեն ցանկանում օգտագործել միասնական վճարային համակարգը պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան վարկային հաստատությունների հետ աշխատելու համար: «Կարգելափակվեն արդյոք vostro հաշիվները, եթե բանկը ենթարկվի պատժամիջոցների, դա այժմ հիպոթետիկ հարց է: Սակայն երկու երկրի համակարգերի միացումը կարող է դիտվել որպես ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու միջոց՝ սահմանափակումների տակ հայտնված ռուսաստանյան բանկի հետ գործակցելու համար»,- նշել է մեկ այլ ֆինանսիստ:Ռուսաստանյան միջին եւ փոքր բանկերը, որոնք դեռեւս չեն ենթարկվել պատժամիջոցների եւ պատրաստ են հաշիվներ բացել Հնդկաստանում, վախենում են ապագայում հնարավոր սահմանափակումներից։ «Մի շարք պետական եւ մասնավոր բանկեր արդեն դիմել են RBI-ին՝ ռուսաստանյան բանկերի համար vostro հաշիվներ բացելու նպատակով։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք դրանցից որեւէ մեկը ստացել է թույլտվություն, թե ոչ», - ասել է բանկային ոլորտում ET-ի զրուցակիցներից մեկը: Tweet Դիտում՝ 12250