Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը:«Ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, եւ մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մենք անցած տարի ունենք 1669,22 հա ինտենսիվ այգու հայտ. իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ ունենք: Դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2% էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մենք մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու եւ ապահովելու ենք 5% վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50% քեշբեքը` փոխհատուցման բաղադրիչն այժմ դառնալու է 30%: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, եւ մենք կկարողանանք, ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով, հասնել մեր դրած թիրախներին»,- մանրամասնել է նախարարը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ թեեւ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10%-ը, այսինքն՝ առկա է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ կան:«Գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք: Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, եւ մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, եւ այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին, որպեսզի ժամանակակից տեխնիկա մտնի մեր վարելահողեր»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 5206