FT. Արեւմուտքը մտահոգված է ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերի խորացմամբ

08.08.2022 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Թուրքիա #Արեւմուտք
Արեւմուտքում աճում է դժգոհությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության խորացման կապակցությամբ։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին  Financial Times-ին (FT) հայտնել է արեւմտյան վեց պաշտոնյա՝ նշելով, որ անհանգստացած են Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններով՝ առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ընդլայնելու ծրագրերի վերաբերյալ:

Նշենք, որ օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք պայմանավորվել են ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ «արդարացնել միմյանց սպասելիքները» տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներում։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի դիմաց ռուբլով մասնակի վճարման մասին, հանդիպմանը քննարկվել է նաեւ Թուրքիայում ռուսաստանյան «Միր» քարտերի կիրառումը։

FT-ի զրուցակիցները նշել են, որ եթե Անկարան օգնի Մոսկվային շրջանցել պատժամիջոցները, նա կարող է պատասխան միջոցների ենթարկվել։ Եվրոպացի պաշտոնյան թերթին ասել է, որ ԵՄ-ն «գնալով ավելի ուշադիր է հետեւում ռուս-թուրքական համագործակցությանը»՝ մտահոգություն հայտնելով, որ Թուրքիան դառնում է Ռուսաստանի հետ առեւտուր անելու հարթակ։

Մեկ այլ պաշտոնյա Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարքագիծը «շատ օպորտունիստական է» որակել։ «Մենք փորձում ենք ստիպել թուրքերին ուշադրություն դարձնել մեր անհանգստությանը»,- հավելել է նա։

FT-ն գրում է, որ հունիսին ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հանդիպել է թուրք պաշտոնյաների եւ Ստամբուլի բանկիրների հետ՝ կոչ անելով նրանց չվերածվել «ռուսաստանյան ապօրինի փողերի կապուղու»:

Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը թերթի հետ զրույցում ասել է, որ եթե Էրդողանը կատարի Պուտինի հետ հանդիպումից հետո տված իր խոստումները, արեւմտյան երկրները կարող են ընկերություններին եւ բանկերին կոչ անել «կամ հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններից, կամ նվազեցնել հարաբերությունները նրա հետ»: Սակայն FT-ի մյուս զրուցակիցները կասկածում են, որ նման որոշումը կաշխատի գործնական եւ իրավական տեսանկյունից։

«Կան շատ էական տնտեսական շահեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կդիմադրեն նման բացասական գործողություններին»,- ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը՝ չբացառելով պատասխան գործողությունները, «եթե Թուրքիան շատ մտերմանա Ռուսաստանի հետ»: Նա ենթադրել է, որ ԵՄ որոշ երկրներ «կարող են խնդրել առեւտրի ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումներ կիրառել կամ խոշոր ֆինանսական ընկերություններին խնդրել կրճատել թուրքական ընկերությունների ֆինանսավորումը», սակայն խոստովանել է, որ դաշինքի բոլոր 27 անդամների կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանումը դժվար կլինի:

Միաժամանակ, երեք եվրոպացի պաշտոնյա FT-ին հայտնել է, որ Թուրքիայի համար Ռուսաստանի հետ մերձեցման հնարավոր հետեւանքների վերաբերյալ Բրյուսելում որեւէ պաշտոնական քննարկում դեռ չի եղել։
Դիտում՝ 6242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW