Կառավարությունն այսօր փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ, որի նպատակն է ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար. Նրանց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչեւ 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, եւ կառավարությունը սուբսիդավորում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները: «Միջոցառումն ունի արդեն 200-ից ավելի շահառու ընկերություն եւ 11 մլրդ ՀՀ դրամից ավելի կնքված գործարք: Որոշման փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել ոլորտների շրջանակը՝ բացի մշակող արդյունաբերությունից, ներառել նաեւ հանքարդյունաբերություն եւ հանքերի շահագործում, տեղեկատվություն եւ կապ, շինարարություն, փոխադրում եւ պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն եւ բնակչության սպասարկում բնագավառները»,- ասել է Քերոբյանը:Տնտեսության արտադրողականության բարձրացման նպատակով կխրախուսվի նաեւ բարձրակարգ մասնագետների ներգրավումը. Եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, կառավարությունը կսուբսիդավորի նրանց հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսը, դոկտորական աստիճան ունեցողների եւ ընկերությունների ներսում գիտական աշխատանքով զբաղվողների դեպքում՝ նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը, իսկ եթե նրանք նաեւ դասավանդում են համալսարաններում կամ բուհերում, ապա դրանց կողմից վճարվող աշխատավարձի 70 տոկոսը: Tweet Դիտում՝ 4601