ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ ամբողջապես անկանխկին անցնելու ճանապարհը բարդ է, սակայն պետք է անցնել, հակառակ դեպքում՝ «կմնանք ցածր արտադրողականություն եւ վատ կառավարում ունեցող ընկերությունների բազմության մեջ»:«Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները, եւ մեր ընկերությունները պետք է որդեգրեն կանխիկից հրաժարվելու քաղաքականություն։ Կանխիկով աշխատող ընկերություններն ի սկզբանե ոչ թափանցիկ են։ Երբ խոսում ենք մրցունակության, արտադրողականության մասին, թափանցիկ աշխատանքը կարեւոր նախապայմաններից է, որի շնորհիվ ընկերությունները կարող են իրենց աշխատանքում ներգրավել տաղանդավոր մարդկանց, ձեւավորել թափանցիկ որոշումների ընդունման համակարգ»,- ասել է Քերոբյանը լրագրողների հետ զրույցում:Նա նշել է, որ կան որոշ գործիքներ, որոնց համաձայն չէ, սակայն «Կենտրոնական բանկի հետ քննարկումների մեջ ենք, որ այն հարցերը, որոնք անհնար են այս պահին անկանխիկով լուծել, փորձենք լուծել»: «Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը, ինչ արդեն տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում»,- նշել է Քերոբյանը: Tweet Դիտում՝ 3203