FT. Ներդրողները զարգացող շուկաներից դուրս են բերել ռեկորդային $38 միլիարդ

01.08.2022 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարգացող շուկաներ #ներդրումներ
Օտարերկրյա ներդրողները զարգացող շուկաներից հինգ ամսում դուրս են բերել մոտ $38 միլիարդ, գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Financial Times-ին (FT):

Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալներով, որոնք ներկայացնում է պարբերականը, արտահոսքի ծավալը ռեկորդային է դարձել դիտարկումների ողջ ընթացքում՝ 2005 թվականից:

Հիմնական պատճառներն, ըստ վերլուծաբանների, գլոբալ ռեցեսիայի եւ գնաճի մտավախություններն են, ԱՄՆ-ում տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացումը եւ Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը։

Միջոցների արտահոսքը կարող է սրել զարգացող երկրներում աճող ֆինանսական ճգնաժամը, նշում է FT-ն։ Վերջին երեք ամսվա ընթացքում Շրի Լանկան հայտարարել է դեֆոլտ իր սուվերեն պարտքով, իսկ Բանգլադեշը եւ Պակիստանը դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը:

JPMorgan-ի տվյալներով՝ 2022 թվականին ներդրողները նաեւ $30 միլիարդ են դուրս բերել զարգացող շուկաների արտարժութային պարտատոմսերի ֆոնդերից: Մոտ 20 սահմանային եւ զարգացող շուկաների արտարժույթով պարտատոմսերը վաճառվում են շուրջ 10 տոկոսային կետով ավելի բարձր եկամտաբերությամբ, քան ԱՄՆ պարտատոմսերը: Նման սպրեդները կարող են լինել լուրջ ֆինանսական սթրեսի եւ դեֆոլտի ռիսկի ցուցիչ, նշում է պարբերականը։

Այս բոլոր գործոնները ցույց են տալիս տրամադրությունների փոփոխություն՝ 2021 թվականի վերջի եւ 2022 թվականի սկզբի համեմատ, երբ շատ ներդրողներ ակնկալում էին, որ ձեւավորվող շուկայով երկրները արագ կվերականգնվեն համավարակից: Վերլուծաբանները զգուշացնում են, որ ի տարբերություն նախորդ դրվագների, գլոբալ պայմանները դժվար թե փոխվեն հօգուտ զարգացող շուկաների:

«Դաշնային պահուստային համակարգի (FRS) դիրքորոշումը շատ է տարբերվում նախորդ ցիկլերի դիրքորորշումից։ Նրանք ավելի հակված են ռիսկի ենթարկել ԱՄՆ-ի ռեցեսիան եւ ֆինանսական շուկաների ապակայունացումը, որպեսզի նվազեցնեն գնաճը»,- ասել է Absolute Strategy Research-ի զարգացող շուկաների գծով տնտեսագետ Ադամ Վուլֆը:

Նա զգուշացրել է աշխարհի խոշորագույն զարգացող շուկայի՝ Չինաստանի տնտեսական վերականգնման նշանների բացակայության մասին: Սա սահմանափակում է այլ զարգացող երկրներում վերականգնումը խթանելու նրանց կարողությունը:

«Չինաստանի ֆինանսական համակարգն անցած տարի գտնվում էր տնտեսական անկման ճնշման տակ, եւ դա, իրոք, սահմանափակեց իր բանկերի հնարավորությունները՝ շարունակելու վերաֆինանսավորել իրենց բոլոր վարկերը այլ զարգացող շուկաներին»,- նշել է Վուլֆը:
Դիտում՝ 6289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW