«Ռուբլու փոխարժեքը կշտկվի չեզոք երկրների հետ առեւտրի վերակողմնորոշման հաշվին»

18.07.2022 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գերման Գրեֆ #ռուբլի #փոխարժեք
Ռուբլու փոխարժեքի ամրապնդման հետ կապված իրավիճակը կփոխվի Ռուսաստանի՝ չեզոք երկրների հետ առեւտրի վերակողմնորոշման հաշվին, ասել է «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը։

«Ռուբլին ամրապնդվեց երկու պատճառով: Նախ, արտարժույթի փոխանցումն արտասահման դժվարացավ ֆինանսական պատժամիջոցների պատճառով. արտարժույթը սկսեց կուտակվել բանկային հաշիվների վրա: Երկրորդ՝ առեւտրային եւ օտարերկրյա ընկերությունների կողմից պատժամիջոցները սահմանափակել են ներմուծումը, ինչը դժվարացնում է արտարժույթի ծախսելը: Ըստ այդմ, փոխարժեքի ամրապնդումը կարող է զսպվել կամ արժութային ինտերվենցիաների, կամ ներմուծման համար հնարավորությունների ընդլայնման հաշվին։ Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի կուտակումներն ապահովելու համար «կոշտ» արտարժույթի գնումները ներկայում անհասանելի են, ուստի Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է յուանի եւ այլ «փափուկ» արժույթների գնելու հնարավորությունը»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։

«Փոխարժեքի հետ կապված իրավիճակը կշտկվի չեզոք երկրների հետ առեւտրային լոգիստիկայի վերակառուցման հաշվին»,- հավելել է նա։

Ռուբլու փոխարժեքի ամրապնդումն անհանգստացնում է ռուսաստանյան ընկերություններին, առաջին հերթին՝ արտահանողներին։ Փորձելով պայքարել այս գործընթացի դեմ՝ նույնիսկ գաղափար առաջացավ գնաճի թիրախավորումից  վերադառնալ փոխարժեքի կառավարմանը:

Ռուբլու փոխարժեքի չափից ավելի ամրապնդման պայմաններում ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է ազդել դրա վրա բյուջետային նոր կանոնի միջոցով՝ ինտերվենցիաներ իրականացնելով «բարեկամական» երկրների արժույթներով։ Տնտեսական զարգացման նախարարությունը չի պաշտպանում այս գաղափարը՝ դրանում տեսելով տնտեսության վիճակի վատթարացման ռիսկեր։



Ռուսաստանի Կենտրոնական բանկը պնդում է գնաճային թիրախավորման եւ ռուբլու լողացող փոխարժեքի ռեժիմի պահպանման վրա։ «Երբ արտաքին պայմանները փոխվում են, անմիջապես փոխվում է փոխարժեքը։ Այո, մենք հավատարիմ ենք լողացող փոխարժեքի քաղաքականությանը, քանի որ հենց լողացող փոխարժեքն է հնարավորություն տալիս տնտեսությանը հարմարվել փոփոխվող պայմաններին։ Եվ նախկին պայմաններում եղած փոխարժեքն ունենալու փորձերը կհանգեցնեն արհեստական փոխարժեքի, կամ էլ տեղի կունենա կտրուկ արժեզրկում, ինչպես մեզ մոտ արդեն եղել է»,- ավելի վաղ ասել էր ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։
Դիտում՝ 8062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW