Ռուսաստանում միակարծիք չեն արտարժութային ինտերվենցիաների հարցում

29.06.2022 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անտոն Սիլուանով #Մաքսիմ Ռեշետնիկով #արտարժութային ինտերվենցիաներ
ՌԴ բյուջեն կարող է զոհաբերել ընթացիկ տարվա հումքային գերեկամուտների մի մասն ու դրանք ուղղել արժութային ինտերվենցիաների՝ ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով։

Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության համագումարում։

«Մենք պատրաստ ենք զոհաբերել ծախսերի մի մասը։ Ծախսերի մի մասը կարելի է չիրականացնել, իսկ նավթագազային գերեկամուտները կարող են ուղղվել արժութային շուկայում ինտերվենցիաներ իրականացնելուն։ Դա պետք է ազդի փոխարժեքի վրա»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:

Նա պարզաբանել  է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին «բարեկամական» երկրների արժույթներում ներդրումներ կատարելու մասին։ «Ֆինանսների նախարարությունը բյուջեի կանոնի շրջանակում նավթից ու գազից ստացված գերեկամուտները ներդնում էր արտարժույթում, Ազգային բարեկեցության հիմնադրամում։ Հիմա արտարժույթը թունավոր է, բայց մենք պատրաստ ենք դա անել «բարեկամական» երկրների արժույթում՝ փոխարժեքի վրա ազդելու համար։ «Բարեկամական» երկրների արժույթի, դոլարի եւ եվրոյի նկատմամբ կրոս փոխարժեքների միջոցով հնարավոր կլինի կարգավորել դոլարի եւ եվրոյի արժեքը ռուբլու նկատմամբ նման հարաբերակցության միջոցով»,- ընդգծել է Սիլուանովը։

Նրա խոսքով՝ գարնանը ներդրված արժութային սահմանափակումների վերացումը անհրաժեշտ ազդեցություն չի ունեցել ազգային արժույթի վրա, ինչը ստիպում է իշխանություններին մասնակցել շուկայական պայմաններով փոխարժեքի ձեւավորմանը։ «Բոլոր սահմանափակումները հանվել են, փոխարժեքի վրա որեւէ ազդեցություն չկա: Խթանում ենք ներմուծումը, այն, պայմանական ասած, առաջ չի գնում։ Մնում է մասնակցությունը շուկայում կամ Կենտրոնական բանկի, կամ Ֆինանսների նախարարության կողմից»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԲ-ն հրաժարվում է միջամտությունից՝ հավատարիմ մնալով «փոխարժեքի ազատ լողացող» սկզբունքին։

ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը, ով նույնպես ելույթ է ունեցել համագումարում, չի պաշտպանել Սիլուանովի առաջարկը՝ կասկածի տակ առնելով, որ միջամտությունները կլուծեն ուժեղ ռուբլու խնդիրը։ Ռեշետնիկովն ընդգծել է, որ ֆինանսների նախարարության առաջարկած ռազմավարության իրականացումը ավելի շուտ կվատթարացնի իրավիճակը տնտեսությունում։
Դիտում՝ 6745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW