Առաջատար տնտեսագետները՝ դրամավարկային քաղաքականության մոդելի մասին

15.07.2022 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինլանդիայի բանկ #դրամավարկային քաղաքականություն #գնաճ
Ֆինլանդիայի բանկում աշխատող տնտեսագետների հետազոտական խումբը «Ինչպիսի՞ն պետք է լինի գնաճի մասով թիրախը. 600 տնտեսագետների կարծիքը» աշխատությունում հրապարակել է մակրոտնտեսագետների ամենաներկայացուցչական խմբերից մեկի հարցման արդյունքները գնաճային թիրախավորման՝ ներկայում աշխարհում առավել տարածված դրամավարկային քաղաքականության մոդելի վերաբերյալ:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցումն անցկացվել է 2020թ. վերջին - 2021թ. սկզբին RePEc-ի վարկանիշում 6000 հետազոտող մակրոտնտեսագետների, ինչպես նաեւ CEPR եւ NBER ասոցիացիաների հեղինակների շրջանում։ Վերադարձվել է հարցաթերթիկների մոտ 10%-ը (613), որն, ամեն դեպքում, տալիս է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի բարձր որակավորում ունեցող տնտեսագետների շրջանում սոցիոլոգիական հարցման ամենաներկայացուցչական խմբերից մեկի արդյունքները: Հարցումն անցկացվել է անանուն, քանի որ այն վերաբերել է այս միջավայրի համար ամենազգայուն թեմային՝ կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության գնահատականներին այն երկրներում, որտեղ նրանք աշխատում են:

Ըստ երեւույթին, այս «էլիտար սոցիոլոգիայի» առավել կարեւոր եզրակացությունն այն է, որ մակրոտնտեսագետների շրջանում ավելի բարձր գնաճի, քան ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում է, կողմնակիցներն ավելի շատ են, քան ընդունված է կարծել: Հարցվածների 54%-ը նշել է, որ կենտրոնական բանկի գնաճի մասով թիրախը (մեծամասնության համար դա Եվրոպական կենտրոնական բանկն է կամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը) օպտիմալ է:

ԿԲ-ի գնաճի մասով թիրախները փոխելն անհրաժեշտ համարողների թվում մեծամասնությունն առաջարկում է «թիրախը» ավելացնել 1%-ով (հարցվածների 15%-ը) կամ 2%-ով (8%-ը), կան նաեւ այնպիսիք, ովքեր առաջարկում են այն բարձրացնել 3%-ով: Երկու անգամ քիչ են նրանք, ովքեր պատրաստ են նվազեցնել «թիրախը», ընդ որում, ԱՄՆ-ում հարցվածների 11%-ն առաջարկում է նվազեցնել այն 2 տոկոսային կետով, այսինքն՝ կողմնակից են դրամավարկային քաղաքականության թիրախին՝ մշտապես զրոյական գնաճի տեսքով: ԵՄ-ում հարցված տնտեսագետների շրջանում միայն 2%-ն է այդ կարծիքին։ Միաժամանակ, նշվում է, որ հարցվածների 79%-ը վստահ է, որ այսօրվա աշխարհում գնաճային թիրախավորումը կենտրոնական բանկի դրամավարկային օպտիմալ քաղաքականությունն է, 17%-ը պատրաստ է դիտարկել այլընտրանքներ (հիմնականում դա կամ «գների մակարդակն է», կամ անվանական ՀՆԱ-ի աճը):

ԱՄՆ-ում հարցվածների 60%-ը եւ Եվրոգոտում՝ 42%-ը վստահ են, որ կենտրոնական բանկը պարտավոր է իր դրամավարկային քաղաքականության մեջ կենտրոնանալ երկու չափելի ցուցանիշների վրա՝ գների կայունության եւ «մեկ այլ նպատակի» (որպես կանոն՝ գործազրկության, ավելի քիչ դեպքերում՝ ՀՆԱ-ի դինամիկայի): ԱՄՆ-ում հարցվածների 38%-ը եւ ԵՄ-ում՝ 42%-ը կարծում են, որ «երկրորդ նպատակը» պետք է լինեն այլ ցուցանիշները՝ կապված գների կայունության հետ։ Այն գաղափարը, որ նպատակը պետք է լինի միակը, եւ դա գների կայունությունն է, պաշտպանում է ամերիկացի տնտեսագետների 9%-ը եւ եվրոպացիների 16%-ը:

Հարցվածների մեծամասնությունը որպես դրամավարկային քաղաքականության միակ նպատակ ընտրում է գնաճը: Փոքրամասնությունը հակված է «գների մակարդակի», «անվանական ՀՆԱ մակարդակի» կամ անվանական ՀՆԱ-ի դինամիկայի տարբերակներին: Սակայն ինքնին սպառողական գների ինդեքսը որպես «թիրախ» ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում դրամավարկային քաղաքականության համար հանրաճանաչ միջոց չէ:
Դիտում՝ 11190
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW