Փաշինյան․ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն ավարտվում է

14.07.2022 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սեքյուրիթի Դրիմ #Վահե Ղազարյան
ՀՀ վարչապետ Փաշինյանը այսօր կառավարության նիստում ասել է, որ ավարտվում է արագաչափերի եւ լուսացույցների սպասարկում իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության դարաշրջանը, ընկերության գործառույթը դառնում է լիարժեք պետական։

Կառավարության որոշմամբ կստեղծվի «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ, որը կիրականացնի ընկերության գործառույթը։

«Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել, փորձել ենք հնարավորինս պաշտպանել հանրային շահը եւ տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում եւ այլն: Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձեւով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ եւ ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետեւ գործառույթն ինքնին բավական բարդ է, եւ մեր հիմնական խնդիրը հետեւյալն էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել:

Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձեւով կիրականացվեն, եւ այլեւս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի»,- ասել է նա:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության նիստում ասել է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթները կսկսի իրականացնել մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

ՊՈԱԿ-ը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ, օժանդակելու է հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

Նախատեսվում է, որ նոր ՊՈԱԿ-ը կմիանա Երեւան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաեւ դեղատների, զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առեւտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների եւ խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։

ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են Ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին:
Դիտում՝ 7485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW