Իլոն Մասկին դատի են տվել Twitter-ը գնելու գործարքից հրաժարվելու համար

13.07.2022 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Twitter
Twitter-ը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկից պահանջել է դատարանի միջոցով ավարտել $44 միլիարդով սոցցանցը ձեռք բերելու գործարքը՝ մեղադրելով նրան հարթակի եւ դրա բաժնետերերի նկատմամբ պարտավորությունները կատարելուց հրաժարվելու մեջ։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են The New York Times-ը եւ The Guardian-ը։

Հայցը ներկայացվել է Դելավերի դատարան։ Դրանում ասվում է, որ գործարարը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործարքը դադարել է բավարարել իր անձնական շահերին։

«Մասկը, ըստ երեւույթին, կարծում է, որ ինքը, ի տարբերություն որեւէ այլ կողմի, որի վրա տարածվում է Դելավեր նահանգի պայմանագրային իրավունը, ազատ է փոխել իր որոշումը, կործանել ընկերությունը, խաթարել դրա գործունեությունը, ոչնչացնել բաժնետիրական արժեքը եւ հեռանալ»,- ասված է փաստաթղթում:

Twitter-ում գտնում են, որ Մասկի հրաժարվելը գործարքն ավարտին հասցնելուց հետեւել է կողմերի պայմանավորվածությունների «էական խախտումների երկար ցանկին», որոնք վնաս են հասցրել սոցցանցի հեղինակությանը։ Twitter-ում նշել են, որ հայցը նպատակ ունի կանխել Մասկի կողմից հետագա խախտումները, ստիպել նրան կատարել իրավաբանական պարտավորությունները եւ մի շարք պայմաններ կատարելուց հետո ավարտել գործարքը։

Twitter-ը նաեւ Մասկի որոշումն «անվավեր եւ անօրինական» է որակել՝ պատճառաբանելով, որ սոցցանցը չի խախտել կողմերի պարտավորություններից որեւէ մեկը։ Մասկը եւ նրա ներկայացուցիչները «գիտակցաբար, միտումնավոր եւ էականորեն խախտել են պայմանագիրը», հավելել են ընկերությունում։ Twitter-ը հայտարարել է, որ վստահ է կեղծ օգտահաշիվների մասնաբաժնի վերաբերյալ  իր տվյալների մեջ՝ հավելելով, որ օգտագործում է սպամի փորձագետներին՝ հաշվարկը ստուգելու եւ հավաստիությունն ապահովելու համար:

Twitter-ը միջնորդություն է ներկայացրել գործի արագացված ուսումնասիրության համար՝ խնդրելով դատարանին գործը սկսել սեպտեմբերին՝ դրա «կրիտիկական» բնույթի պատճառով։ Այս մասին Twitter-ի գլխավոր իրավախորհրդատու Շոն Էդջեթն աշխատակիցներին հայտնել է ներքին նամակագրության մեջ, հայտնում է The New York Times-ը:

Ինչպես նշում է պարբերականը, մինչ այդ Դելավերի դատարանն ընկերություններին թույլ չի տվել հրաժարվել գործարքներից։ Մասնավորապես, 2001 թվականին Tyson Foods-ը փորձեց հետ կանգնել IBP մսակոմբինատի ձեռքբերումից, սակայն դատարանը որոշեց, որ պայմանագիրը պետք է կյանքի կոչվի: Իսկ այն դեպքում, երբ դատարանը թույլ է տվել հրաժարվել գործարքներից, վերջինիս որոշումը  պարտավորեցնում էր փոխհատուցել վնասները:



Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Իլոն Մասկը հրաժարվել էր Twitter-ը գնելու գործարքից այն պատճառով, որ սոցիալական ցանցը տեղեկատվություն չի տրամադրել կեղծ օգտահաշիվների եւ սպամ բոթերի մասին։

Twitter-ը «չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել բազմաթիվ հարցումներին», որոնք վերաբերել են կեղծ օգտահաշիվների եւ գրառումների վերաբերյալ տվյալների տրամադրմանը, հայտարարել էին Մասկի ներկայացուցիչները: Նրանք Twitter-ին մեղադրել են Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարի հետ համաձայնագրի մի քանի դրույթներ խախտելու մեջ։

Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրետ Թեյլորը հայտարարել էր սոցցանցի՝ դատի տալու մտադրության մասին։ Պայմանների համաձայն՝ գործարքը չկայանալու դեպքում Մասկը պետք է $1 միլիարդ տուգանք վճարի։

Նշենք, որ այս տարվա ապրիլին Իլոն Մասկը վերջնական համաձայնագիր էր կնքել Twitter սոցիալական ցանցը $44 միլիարդով ձեռք բերելու համար։ Սոցցանցի բաժնետերերը յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար պետք է ստանային $54,20։
Դիտում՝ 5581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW