Եվրամիության (ԵՄ) երկրների ծախսերը Անդրադրիատիկ գազատարով (TAP) Ադրբեջանից գազ գնելու համար 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել են €2,1 միլիարդ։«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները բերված են Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ գազի եվրոպական շուկայում իրավիճակի վերաբերյալ եռամսյակային զեկույցում։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին ամիսներին ԵՄ-ն գազի ներմուծման համար ծախսել է մոտ €78 միլիարդ։ Այս գումարից €26,5 միլիարդ բաժին է ընկնում Ռուսաստանից ներմուծվող գազին, €19,2 միլիարդ՝ Նորվեգիայից, €5,4 միլիարդ՝ Հյուսիսային Աֆրիկայից (Ալժիր եւ Լիբիա), €2,1 միլիարդ՝ TAP գազատարով ներմուծվող գազին: Հեղուկ բնական գազի տեսքով 2022 թվականի առաջին եռամսյակում Եվրամիություն է մատակարարվել մոտ €33 միլիարդի վառելիք։Եվրահանձնաժողովն աճ է արձանագրել տարվա կտրվածքով Ադրբեջանից մատակարարումների ուղղությամբ։ Զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում TAP-ի միջոցով գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր մատակարարումների 2,5%-ը՝ նախորդ տարվա 1,2%-ի դիմաց։«TAP-ը Հարավային գազային միջանցքով (SGC) հասանելիություն է ապահովում ադրբեջանական գազային ռեսուրսներին, ինչը ԵՄ-ի գազի մատակարարումների անվտանգության քաղաքականության կարեւոր արդյունք է»,- ընդգծել են Եվրահանձնաժողովում։Հետազոտությունում նշվում է ադրբեջանական գազի մրցունակության մասին, ինչը զեկույցի հեղինակները բացատրում են երկարաժամկետ պայմանագրերով, որոնցով գազի գինն ավելի ցածր է, քան սփոթային գները։TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները մեկնարկել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Իտալիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի սպառողներին։2021 թվականին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 2,6 միլիարդ խորանարդ մետր։ Կանխատեսվում է, որ 2022 թվականին Եվրոպա գազի արտահանումը կգերազանցի 10 միլիարդ խորանարդ մետրը։ Tweet Դիտում՝ 4697