Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից մինչեւ «B»՝ բացասական կանխատեսմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fitch-ի մամուլի հաղորդագրությունը։Վարկանիշի իջեցման վրա ազդած հիմնական գործոններից մեկը գործակալության վերլուծաբանները նշում են գնաճի ավելացումը։ Ըստ նրանց կանխատեսումների՝ 2022 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը կկազմի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում։2023 թվականին նույնպես գործակալությունը գնաճի բարձր մակարդակ է ակնկալում երկրում՝ 57%։ Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը կմնա «չափազանց մեղմ, առնվազն մինչեւ 2023 թվականի ընտրությունները»։«Առաջնորդվելով քաղաքական նկատառումներով՝ Կենտրոնական բանկը 2021 թվականի դեկտեմբերից տոկոսադրույքը պահում է 14% մակարդակում՝ չնայած արագ աճող գնաճին։ Տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանելու կառավարության միջոցները խթանում են արտարժույթի պահանջարկը, հանգեցնում են լիրայի արժեզրկմանը, միջազգային պահուստների նվազմանը եւ գնաճի ավելացմանը, ինչպես նաեւ խոչընդոտում են կապիտալի ներհոսքը՝ հաղթահարելու վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի աճող դեֆիցիտը»,- ասված է հաղորդագրության մեջ:Fitch-ը նաեւ նշում է, որ էներգակիրների գների աճի եւ արտաքին պահանջարկի թուլացման պատճառով 2022 թվականին Թուրքիայի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 5,1%։ Սա, իր հերթին, լրացուցիչ ճնշման ռիսկ է ստեղծում միջազգային պահուստների վրա, որոնք ներկայումս կազմում են $101 միլիարդ։ Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ՝ 2022 թվականի ավարտին Թուրքիայի միջազգային պահուստները կնվազեն մինչեւ $94 միլիարդ, իսկ 2023 թվականին կկազմեն $88 միլիարդ։ Tweet Դիտում՝ 4260