HSBC-ն բանակցում է Ռուսաստանում իր ստորաբաժանումը վաճառելու շուրջ

08.07.2022 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #«Էքսպոբանկ» #Իգոր Կիմ
Բրիտանական HSBC-ն բանակցություններ է վարում ռուսաստանյան իր ստորաբաժանումը ՌԴ գործարար Իգոր Կիմին պատկանող «Էքսպոբանկ»-ին վաճառելու շուրջ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Բանակցություններն առաջադեմ փուլում են, նշել են գործակալության զրուցակիցները։ HSBC-ի եւ «Էքսպոբանկ»-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Գործարքը կարող է նշանակել ռուսաստանյան շուկայից միջազգային բանկի եւս մեկ հեռացում՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության մեկնարկից ի վեր: Մայիսին ֆրանսիական Societe Generale-ն իր «դուստր» «Ռոսբանկ»-ը վաճառել է Վլադիմիր Պոտանինի Interros խմբին:

HSBC-ն մի քանի տարի առաջ է հեռացել Ռուսաստանում մանրածախ բանկային բիզնեսից եւ այժմ հիմնականում սպասարկում է կորպորատիվ հաճախորդներին: «Ինտերֆաքս-100» վարկանիշի համաձայն՝ 2021 թվականի վերջին ռուսաստանյան  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ի ընդհանուր ակտիվները կազմել են 89,2 միլիարդ ռուբլի։

Ապրիլին HSBC-ն հայտնել էր, որ Ռուսաստանում իր «դուստր» բանկն այլեւս չի ընդունում սպասարկման նոր հաճախորդների: Առաջին եռամսյակում խումբն արձանագրել է $250 միլիոնի ծախսեր՝ կապված ռուսաստանցի գործընկերների հետ։

«Էքսպոբանկ»-ը գրասենյակներ ունի Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքում եւ վարում է կորպորատիվ ու մանրածախ բիզնես: Ոչ բանկը, ոչ դրա սեփականատերը չեն գտնվում պատժամիջոցների տակ։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ «Էքսպոբանկ»-ը բանակցում է նաեւ ամերիկյան Citigroup-ի մանրածախ ստորաբաժանման ձեռքբերման շուրջ։

Միջազգային այլ բանկերը, որոնք ունեն դուստր կառույցներ Ռուսաստանում, այժմ որոշում են ռուսաստանյան բիզնեսի ճակատագիրը: Ավստրիական Raiffeisen Bank International-ը հայտարարել է, որ դիտարկում է վաճառքի հնարավորությունը, ինչպես նաեւ Ռուսաստանում բիզնեսի համար այլ տարբերակներ:

Իսկ իտալական UniCredit-ը կարող է վաճառել ռուսաստանյան իր բանկը որեւէ կառույցի միջոցով, որը թույլ կտա խմբին հետ գնել «դուստր» կառույցն աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացման դեպքում։
Դիտում՝ 10025

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW