JPMorgan Chase & Co.-ի վերլուծաբանները վատթարացրել են ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը, հայտնում է Bloomberg-ը։ Հիմնական պատճառներից մեկը սպառողական պահանջարկի դանդաղեցումն է։Բանկի գնահատմամբ՝ երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կարձանագրի 1% աճ՝ նախկին 2,5% գնահատականի համեմատ։ Տնտեսագետներն ակնկալում են, որ ընթացիկ տարվա վերջին երեք ամիսներին ՀՆԱ-ի աճի տեմպերը կարագանան մինչեւ 1,5%, ինչը պայմանավորված կլինի ավտոմեքենաների արտադրության աճով եւ գնաճի դանդաղեցմամբ:«Մեր կանխատեսումը վտանգավոր աստիճանի մոտ է ռեցեսիայի»,- նշել է ԱՄՆ-ում JPMorgan-ի գլխավոր տնտեսագետ Մայքլ Ֆերոլին: «Սակայն մենք տնտեսության աճ ենք ակնկալում, մասամբ այն պատճառով, որ կարծում ենք՝ գործատուները չեն ցանկանա աշխատանքից հեռացնել աշխատակիցներին նույնիսկ ցածր պահանջարկի ժամանակաշրջանում»,- Ֆերոլիի խոսքերն է մեջբերում RBC-ն:Վերլուծաբանները բարձրացրել են ռեցեսիայի հավանականության իրենց կանխատեսումները՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) տոկոսադրույքի բարձրացման եւ գնաճի ավելացման ֆոնին, գրում է գործակալությունը։ Հունիսի կեսին FRS-ը 1994 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը միանգամից 0,75 տոկոսային կետով՝ մինչեւ տարեկան 1,50-1,75%: Ըստ Աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալների՝ մայիսին Միացյալ Նահանգներում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 8,6%-ի, ինչն ամենաարագ աճն է 1981 թվականի դեկտեմբերից ի վեր:Հուլիսի 1-ին Ատլանտայի Դաշնային պահուստային բանկը (FRS-ի կազմի մեջ մտնող 12 բանկերից մեկը) նույնպես հայտարարեց ռեցեսիայի հավանականության մասին, հայտնում է CNBC-ն։Այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամում կարծում են, որ թեեւ ԱՄՆ տնտեսությունը 2022-2023 թվականներին կդանդաղի, սակայն կհաջողվի խուսափել ռեցեսիայից։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ գնաճի նվազումը եւ գների կայունության ապահովումը կպաշտպանեն իրական եկամուտները եւ միջնաժամկետ հեռանկարում կնպաստեն տնտեսական աճին:ԱՄՆ Առեւտրի նախարարության տվյալներով, որոնք ներկայացրել է Reuters-ը, սպառողական ծախսերը, որոնց բաժին է ընկնում երկրում տնտեսական ակտիվության ավելի քան երկու երրորդը, մայիսին աճել են 0,2%-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին հինգ ամսվա ընթացքում։ Գերատեսչությունը նաեւ վերանայել է ապրիլ ամսվա տվյալները դեպի նվազում՝ ծախսերի աճը կազմել է ոչ թե 0,9%, այլ 0,6%։ Tweet Դիտում՝ 10716