Գերմանիայի զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Երեւանում ՀՀ կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերել հայ-գերմանական զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը նոր՝ երկկողմ գործընկերության ձեւաչափով շարունակելու վերաբերյալ։ Երեւանի Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ կողմերը հետայսու կանոնավոր միջկառավարական բանակցությունների միջոցով կհամաձայնեցնեն զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, եւ դրանց համար կհատկացվեն համապատասխան միջոցներ։Հայաստանից բացի Զարգացման դաշնային նախարարության գործընկեր երկրների ցանկը համալրել են Բոլիվիան, Լաոսը, Նեպալը եւ Մոնղոլիան։ Սվենյա Շուլցեն նշել է.«Հայաստանը վերջին տարիներին մեծ բարեփոխումներ է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, անկախ արդարադատության եւ ընտրական համակարգի ոլորտներում։ Մենք մարտահրավերներով լի ժամանակներ ենք ապրում, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակողական պատերազմը սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանը։ Այս դժվարին ժամանակներում բարեփոխումների ուղին որդեգրած մեր արեւելյան հարեւանների հետ սերտ համագործակցությունը առանձնակի կարեւոր է։ Մենք կամենում ենք մեր զարգացման համագործակցության միջոցով սատարել Հայաստանի բարեփոխումներն ու Եվրամիությանը մերձենալու հետագա քայլերը։ Այսօրվա մեր հանդիպումը Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ զարգացման քաղաքականության շուրջ նոր, ամուր երկկողմ համագործակցության մեկնարկն է»։ Tweet Դիտում՝ 6580