Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության սմարթ ցանցի առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից (ՔՈԱՖ) հայտնում են, որ «Ֆրանսիական հետազոտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ»-ի կողմից մշակված արդյունաբերական այս ցուցանմուշն էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա կմատակարարի Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին, իսկ այնուհետ նաեւ Դեբետ գյուղին։ Արեւային կայանն արտադրելու է էլեկտրաէներգիա, որը սնելու է կանաչ ջրածին արտադրող ֆրանսիական տեխնոլոգիայով ստեղծված էլեկտրոլիզերը։ Արտադրված եւ պահեստավորված ջրածինն այնուհետ կամ կմատակարարվի ջրածնային կայան, կամ կվերափոխվի էլեկտրաէներգիայի, արդյունքում սպառողները կստանան էլեկտրաէներգիա՝ առանց CO2 արտանետումների։ Այս ցուցանմուշը հետագայում տեխնոլոգիապես կզարգանա, եւ կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի այն լայնամասշտաբ կիրառվի Հայաստանում։ Ֆրանս-հայկական այս համագործակցությունը կօգնի Հայաստանին աշխարհում զբաղեցնել ածխածնի արտանետումների ցածր մակարդակ ու զարգացող կանաչ տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Solges-Energy խմբի տնօրեն Արմեն Սեդեթյանը նշել է, որ Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի՝ զարգացնելու վերականգնվող էներգիայի ոլորտում ֆրանսիական տեխնոլոգիաները եւ ստեղծելու իրական արդյունաբերական ճյուղ:«Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի՝ կանաչ տնտեսություն զարգացնելու նպատակի իրագործանն ու, օգտագործելով ֆրանսիական արդյունաբերական ներուժը, վերջինիս դարձնել տարածաշրջանի առաջին սմարթ եւ կանաչ պետությունը։ Հայաստանը շատ շուտով կարող է տեխնոլոգիական առումով դառնալ հիանալի օրինակ Եվրասիական տնտեսական տարածքի, Իրանի ու Պարսից ծոցի երկրների համար»,- ասել է նա:ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ նշել է, որ վերականգնվող էներգիայի արտադրման նախագիծը եւս մեկ հավելում է ՍՄԱՐԹ կենտրոնի նորարարությանն ու կայուն զարգացման հնարավորություններին։ «Սա եւս մեկ հնարավորություն է մեզ համար՝ նպաստելու Հայաստանի իմիջի բարձրացմանը՝ որպես երկիր, որ հավատարիմ է վտանգավոր արտանետումների նվազեցման գլոբալ մոտեցմանը»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 12116