Հունվարի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։ Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ:Պետական եկամուտների կոմիտեցից (ՊԵԿ) տեղեկացնում են, որ համակարգը հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել եւ ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումը իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաեւ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն եւ չունեն կացության քարտ։Համակարգում տեղադրված է 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայման, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձեւավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաեւ քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։ «e-VAT» համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավելի խոշոր միջազգային կազմակերպություն։ Առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել եւ վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։ Tweet Դիտում՝ 3099